Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
նախօրեին հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Անգելա Մերկելի ու արտաքին
քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ
Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ՀՀ նախագահի
այցելության հետ կապված հարցեր, հայ-գերմանական բարեկամական
հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային և
տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Հայաստանի և Գերմանիայի արտաքին
քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում ևս
անդրադարձել են ՀՀ Նախագահի Գերմանիա կատարելիք առաջիկա պաշտոնական
այցելության նախապատրաստական աշխատանքներին:
Բեռլինում նախարար Նալբանդյանն այցելել է նաև Բունդեստագ, ուր
հանդիպում է ունեցել խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ
Ռուպրեխտ Պոլենցի և հանձնաժողովի անդամների հետ:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը
պետությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափերից է և
ողջունել է Բունթեստագի պատգամավորների նախաձեռնությունները
հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման առումով:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների`
հայ-թուրքական հարաբերությունների, արցախյան հիմնախնդրի կարգավորման
շուրջ: Ռուպրեխտ Պոլենցը իր ղեկավարած հանձնաժողովի անունից ողջունել է
հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Աղբյուրը` armar.am
|