Մարտի 15-ին իր Գերմանիա այցելության շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին
քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ
Հոյսգենի հետ: Զրուցակիցները
հանգամանալից քննարկել են ՀՀ նախագահի այցելության հետ կապված հարցեր,
հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման
ուղիները, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:
Բեռլինում նախարար Նալբանդյանն այցելել է նաեւ Բունդեստագ, ուր
հանդիպում է ունեցել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
նախագահ Ռուպրեխտ Պոլենցի եւ հանձնաժողովի անդամների հետ: Տեղի է ունեցել
մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային խնդիրների` հայ-թուրքական
հարաբերությունների, արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Ռուպրեխտ
Պոլենցը իր ղեկավարած հանձնաժողովի անունից ողջունել է հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ հույս հայտնել, որ
այս պատմական առիթը բաց չի թողնվի, եւ միջազգային հանրության ակնկալիքները
կիրականան:
Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԳ նախարարը հյուրընկալվել է Գերմանիայի Արտաքին
քաղաքականության խորհրդում, որտեղ հանդես է եկել ՀՀ արտաքին
քաղաքականության մասին ծավալուն ելույթով, պատասխանել ներկա ԱԳՆ
բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, քաղաքագետների, փորձագետների
եւ լրագրողների բազմաթիվ հարցերին:
Խոսելով Թուրքիայից վերջին օրերին հնչող հայտարարությունների մասին`
նախարար Նալբանդյանն ասել է. «Իրականում հենց Թուրքիան
ջանք չի խնայում նախապայմաններ առաջադրելու, կարգավորման ճանապարհին
դժվարություններ եւ խոչընդոտներ ստեղծելու համար` դրանով իսկ հարցականի
տակ դնելով ողջամիտ ժամկետներ հասկացության անգամ իմաստը»: Նախարարը հույս
է հայտնել, որ Թուրքիան կգիտակցի իր ներկայիս գործելաոճի հետեւանքների
պատասխանատվության ծանրությունը եւ հուսախաբ չի անի միջազգային
հանրությանը:
Բեռլինում Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցել է գերմանական եւ միջազգային
լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսին:
Բեռլինից Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով ուղեւորվել է Փարիզ: Աղբյուրը` news.am
|