Մոտ ժամանակներս Բաքուն ստիպված կլինի աշխարհաքաղաքական ընտրություն կատարել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ։ Ադրբեջանական Turan-ին տված հարցազրույցում այսպիսի միտք է հայտնել ԱՄՆ Անվտանգության խորհրդի նախկին նախագահ, Վաշինգտոնում Իրանի քաղաքականության կոմիտեի ղեկավար Ռայմոնդ Թանթերը։
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական սպառազինության մասին նոր համաձայնագիրը, Թանթերի խոսքով, ավելի շուտ Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի օգտագործում է ենթադրում։
«Դրա հավանականությունն այժմ ավելի մեծ է, քան նույն թեմայով ռուսների եւ Բուշի վարչակազմի միջեւ եղած բանակցությունների ժամանակ»,- հայտարարել է նա։
Սակայն, ինչպես կարծում է Թանթերը, իրանական վարչակազմը Բաքվին կարող է մեղադրել երրորդ երկրի կողմից իր տարածքներն օգտագործելու երկկողմ համաձայնությունը խախտելու մեջ. «Այսպիսի իրավիճակը կարող է դրդել Ադրբեջանին՝ ընտրություն կատարել գերտերությունների միջեւ կամ խրախուսել Թեհրանին»։
«Ադրբեջանն, ավելի լավ է, համագործակցի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ, քան ընկնի Իրանի ազդեցության տակ, որը ձգտում է իսլամական հեղափոխությունը տեղափոխել Ադրբեջան»,- ամփոփել է Թանթերը։