Ինչպե՞ս է գնահատվում Թուրքիայի` Եվրամիություն մուտք գործելու
հնարավորությունները: Նման հարցով իր անգլիացի պաշտոնակցին է դիմել
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:
Էրդողանի մտահոգությունները կապված են Եվրամիության նոր` ոչ թուրքասեր նախագահ Հերման Վան Ռոմպեայի ընտրությամբ:
Ադրբեջանական «Bakililar» պարբերականը Թուրքիայի` եվրաընտանիք ներխուժելու փորձերը անհիմն է համարում, այն համոզմունքով, որ` «Եվրամիությունը մոտակա տարիներին Թուրքիային իր կազմում ընդգրկելու միտք անգամ չունի»:
Թուրքիայի հետ կապված խնդիրները բազմազան են: Բրյուսելը դժգոհություն է
հայտնում հիմնականում Թուրքիայում մարդու իրավունքների ու, ընդհանրապես,
ժողովրդավարության սկզբունքների անհույս վիճակի հետ կապված:
Նշենք, որ իր հերթական ելույթներից մեկում ԵՄ նախագահը նշել էր.
«Թուրքիան Եվրոպայի մասը չի կազմում և ԵՄ ընդլայնումը չի կարող
իրականացվել Թուրքիայի անդամակցությամբ»:
Ռոմպեայի կարծիքով, քրիստոնեության գաղափարախոսության վրա հիմնված Եվրոպական արժեքները կվտանգվեն այն պահից, երբ նման մեծ իսլամական երկիրը, ինչպիսին Թուրքիան է, Եվրոպական ընտանիքի անդամ դառնա:
ԵՄ վերջին հայտարարության ընթացքում ներկայացվել է այն երկրների ցանկը,
որոնց մուտքը Եվրամիության համար հեռանկարային է համարվում, որտեղ Թուրքիայի հետքն անգամ չկա:
Վերը նշված ադրբեջանական պարբերականը մեկնաբանում է, որ Հայաստանի հետ
հարաբերությունների հաստատման ներկայիս գործընթացն անգամ Թուրքիային չի
փրկի:
ArmAr.am