Ադրբեջանի ԱԳՆ մամւլի քարտուղար Էլհան Փոլուխովը Day.Az Radio-ի ուղիղ եթերում ԼՂՀ-ն ճանաչել է որպես ԼՂ հակամարտության բանակցությունների կողմ:
«Հայկական կողմը պետք է հստակ գիտակցի, որ այսօրվա դրությամբ նորացված մադրիդյան սկզբունքները, որոնք համանախագահների կողմից ներկայացվել են բոլոր երեք կողմերին, հիմնվում են հենց Մինսկի խմբի մեջ մտնող երկրների ղեկավարների կողմից ձեւակերպված սկզբունքների ու առաջարկների վրա»,- ասել է Փոլուխովը:
Նա նշել է, որ Ադրբեջանը քննարկելով եւ մանրամասն հետազոտելով այդ առաջարկներն ու սկզբունքները, արտահայտել է իր դիրքորոշումը։ «Այսինքն, մի քանի բացառություններով, մենք ընդունում ենք դրանք, եւ դա հնարավորություն է տալիս սկզբունքորեն խաղաղ եղանակով եւ կարճ ժամկետներում լուծել ԼՂ խնդիրը, սկսել լուծման հերթական փուլը՝ մշակելով գործողությունների ավելի մանրամասն եւ կոնկրետ պլան»,- ասել է խոսնակը:
Նշենք, որ այս տեղեկատվությունն ու Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի այս հայտարարության ձայնագրությունը անմիջապես վերացվել է Day.az կայքից եւ Youtube պորտալից: Ներկայումս ադրբեջանական այդ կայքում ձայնագրության փոխարեն ներկայացված է նյութի փոփոխված տարբերակը, որտեղից հանվել են Փոլուխովի խոսքերը բանակցային գործընթացի երեք կողմերի մասին: