Թուրքիայում բնակավայրերի անվանումների փոփոխությունների և դրանց
նախկին` հայկական, երբեմն էլ` քրդական անունները վերադարձնելու մասին ArmAr.am-ը տեղեկացրել է նախորդ հրապարակումներում: Այս անգամ խոսքը ադրբեջանական կողմի արձագանքների մասին է:
Ադրբեջանցիներն այս առումով կրկին մեղադրել են իրենց ռազմավարական
դաշնակցին` դավաճանական քայլ համարելով տեղանունների վերահայկականացումը:
Ադրբեջանական կողմը թուրքական իշխանությունների որոշումն անգամ հայերի հետ
գաղտնի, հակաադրբեջանական դիվերսիա է համարել և պահանջել է hետ կանգնել
«Թուրքիայի համար կործանարար այդ քայլից»: Մասնավորապես, «Բակիլիլար»
էլեկտրոնային թերթի թղթակիցը նշում է, թե, օրինակ, Թուրքիայի Չինգիլա գյուղն արդեն վերանվանվել ու դարձել է «Կարապետ», իսկ Բակրաչըլը` Վարագ:
Թուրքերը, հավանաբար, եվրոպականացման երազանքների ճանապարհին հասկացել են,
որ, այնուամենայնիվ, բնակավայրերի հայկական անվանումները էսթետիկ առումով
ավելի գեղեցիկ են, հնչողությունն էլ, ամեն դեպքում, ավելի նուրբ է
Բակրաչըլից կամ Չինգիլայից: Իսկ ամենակարևորը` այդ բնակավայրերում
բնաջնջելով տեղի իսկական տերերին` բնիկ հայ բնակչությանը, Թուրքիան 100
տարվա ընթացքում չկարողացավ դրանք ամբողջությամբ «յուրացնել»: Թուրքերը
կամ որոշել են հայերի հետ բարեկամության իմիտացիա ստեղծելով` հերթական
անգամ թիկունքից հարվածել, կամ էլ համոզվել են, որ հայերի հետ նորմալ
հարաբերությունների հաստատումը կարող է թուրքին Եվրոպա հասցնելու
ամենակարճ դիվանագիտական ճանապարհը լինել: Իսկ թուրքերի կրտսեր եղբայր
համարվող ադրբեջանցիները, հաշվի չառնելով այս հանգամանքները, շարունակում
են աղմուկ բարձրացնել ու բողոքել թուրքերի «հակաադրբեջանական» քայլերից:
Վերևում արդեն հիշատակված ադրբեջանական լրատվամիջոցի էջերում նաև կարդում
ենք, որ հայկական կողմը կարողացել է համաձայնության գալ Թուրքիայի հետ. սկզբում վերահայկականացվում են տեղանունները, ապա դրանք վերահանձնվում են հայկական պետության տնօրինությանը:
Նաիրի Հոխիկյան
|