parcom
armenian maps
ուրբաթ, 29.03.2024, 08:40


մուտք | RSS
parcom

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » Հոդվածներ » Քարտեզագրական պատերազմներ

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հայոց ավելի քան հինգհազարամյա պատմության ճանաչողությունը հայ քաղաքական մտքի սնուցող արմատներից է: Հայոց քաղաքական, հոգևոր-մշակութային, գաղափարական ոլորտները կրում են պատմության կնիքը: Պատմական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը հիմնավորապես բարձրացնում է հայոց տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրը1:

Հայկական լեռնաշխարհի պատմաաշխարհագրական տերմինաբանությունը, բնապատմական միջավայրը նկարագրող անվանումների ամբողջություն կազմելով, բնիկ հայ էթնիկ լեզվամտածողության առանցքային շերտին է պատկանում: Հայկական տեղանունների պահպանությունը ազգապահպան նշանակություն ունի` կենդանի պահելով հայրենի ակունքների գիտակցումը, որի պաշտպանությունը կարևորվում է նախորդ փուլերից խառնածնած երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմի պայմաններում, երբ, Հայության անվտանգության ապահովման համար իրենց առաջնահերթությունն են պահպանում քաղաքակրթական` ազգային, հոգևոր և մշակութային ոլորտների ռեսուրսները2: Այս համատեքստում հրատապ է հայկական ինքնության և դրա գործնական նշանակության հիմնախնդրի ուսումնասիրությունը3:

Նվաճող բռնակալությունները և նրանց հաջորդները շարունակաբար նենգափոխում են պատմությունն ու պատմական քարտեզագրությունը: Այսպես, պանթուրքիզմի բաղկացուցիչ մասն է հայկական աշխարհագրական անվանումներին «հայտարարված» «քարտեզագրական պատերազմը»: 1878թ. Սան Ստեֆանոյի պայմանագրում դեռևս հիշատակվում էինՀայաստանը և հայերը, իսկ Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածում՝ «հայաբնակ շրջանները»: Սակայն, «հայկական բարենորոգումների» ռուսական նախագծի շուրջ ռուս-թուրքական բանակցությունների ձախողմանն ուղղված Գերմանիայի և այլոց միջամտության մթնոլորտում 1914թ. հունվարի 26-ի համաձայնագրում Հայաստան (իմա` Արևմտյան Հայաստան) անվանումը երիտթուրքերի ճնշմամբ «փոխարինվել էր Արևելյան Անատոլիա աշխարհագրական բառակապակցությամբ...»4: Զավթած արևմտահայկական տարածքների կապակցությամբ երիտթուրքերի հանցավոր իշխանությունն այսպիսի նենգափոխություններ էր կիրառում զանգվածայն կոտորածներ իրագործելիս, որոնք հանգեցրին մարդկության պատմության մեջ մեծագույն հանցագործությանը` 1915թ. Հայոց եղեռնին, որը Օսմանյան կայսրությունում ցեղասպան քաղաքականության գագաթնակետն էր:

Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասը «Արևելյան Անատոլիա» «վերանվանելը» բացարձակապես անհիմն է5: Հայկական պատմական հուշարձանների ոչնչացման հետ միաժամանակ թուրքերը շատ անուններ են (Եփրատ, Արածանի, Բերկրի, Մանազկերտ, Կոգովիտ, Արարատ, Սուրբ Գրիգոր և այլն) վերացրել կամ աղավաղել (Կարասու, Մուրատ սու, Մուրադիե, Մալազգիրտ, Բայազետ, Աղրի-դաղ, Սիպկոր և այլն) իրենց կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանում6: Քարտեզագրական վերանվանումներով` հնագիտական հուշարձանների պատմական պատկանելության աղճատմամբ7նենգափոխվում է Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական զարգացման պատմության խորքային ընդհանուր պատկերը:

«Արևելյան Անատոլիա» արտահայտության կիրառմամբ թուրք զավթիչները և նրանց հովանավորներն ու դաշնակիցները ցանկանում են մոռացության մատնել Թուրքիայի կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանի բնիկ տերերի` հայերի հայրենիքի մասը լինելու փաստը: Այսպես, Հայոց բնօրրանի մեծ մասը` Արևմտյան Հայաստանը, որպես պատմական «Մետաքսի ճանապարհի» (որի զգալի մասը Տիգրան Մեծն Առաջավոր Ասիայում իր քաղաքակրթական գործունեության ընթացքում վերցրել էր հսկողության տակ) տարանցիկ ուղիներով հայտնի հայկական մշակութային ժառանգության տարածքի արևմտյան մաս, անտեսված է «Մետաքսի ճանապարհ» անունը կրող արդի միջազգային պատմամշակութային ծրագրում, որը խիստ քաղաքականացված իր տարբերակներով նույնիսկ օգտագործվում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ8:

Պանթուրքիզմի ջատագովները, կողոպուտի ենթարկելով Իրանական Ադրբեջանի անունը, Ռուսական կայսրության XX դարասկզբի փաստաթղթերից հայտնի օղուզ-թուրքական ծագման «կովկասյան թաթարների» գրաված տարածքից 1918թ. կեսերին կազմված քաղաքական միավորին տվեցին դրա հետ ոչ մի կապ չունեցող «Ադրբեջանական Հանրապետություն» անվանումը՝ այն հեռանկարով, որ այդ երկուսի «միացմամբ» Թուրքիան ոտք կդներ «Կենտրոնական Ասիա»: Երկու տարի անց «Ադրբեջան» անունը թողնվեց այդ տարածքի վրա` խորհրդային կենտրոնի ծրագրած «հեղափոխությամբ» Իրանական Ադրբեջանի բռնակցման հեռանկարով9:

Գաղափարական մամլիչի տակ ԽՍՀՄ ժողովուրդների պատմությունների «համահարթեցմամբ» Հայոց պատմությունն արհեստականորեն «երիտասարդացվում» էր10, իսկ «ադրբեջանցիների» համար սկսվեց և մինչև այսօր` Ադրբեջանի Հանրապետությունում շարունակվում է պատմության հորինումը և «հնացումը»11: Պարտվելով Արցախյան պատերազմում՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմամոլ գաղափարախոսները և նրանց կամակատարներն, իրենց բնորոշ վայրենությամբ, մի կողմից՝ շարունակում են հայկական հուշարձանների ոչնչացումը12, իսկ մյուս կողմից` «տեղեկատվական պատերազմի» միջոցով, կեղծիքով ու ստով «հեղեղում» աշխարհը:

Արցախյան հաղթանակի շնորհիվ` հայրենի հողերի ազատագրումով, մեր ազատամարտիկների արյան գնով սրբագործվեցին ազատագրված տարածքների սահմանները, ինչը գրանցվեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզներում: Այդ խոշոր հաղթանակ էր նաև «քարտեզագրական պատերազմում»:

Ազգային-ազատագրական պայքարով ձեռք բերված անկախության և ազգային պետականության վերակերտման կարևորագույն արտահայտություններից է հայագիտական պատմական ռեսուրսի օգտագործումը: Խնդիրը համակարգային է՝ ընդգրկելով պատմական հիշողությունը, ազգային հոգեբանությունը, մշակութային ժառանգական պատկանելությունը, մատաղ սերնդի դաստիարակությունը, ազգային անվտանգությունը:

1Է.Դանիելյան, Վ.Թաիրյան, Հայոց պատմական ժառանգության պաշտպանության գործը և անվտանգ տեղեկատվական արդի միջոցները, «Հայկական լեռնաշխարհը Հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան», Երևան, 2004, էջ 6-12:

2Գ.Հարությունյան, Հայության կազմակերպման և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները, «21-րդ դար», 2008, 2(20), էջ 8:

3Ա.Այվազյան, Հայկական ինքնության գրավականները կամ ո՞վ է հայը, Լոս Անջելես, 2008, էջ 11:

4Գ. Գալոյան, Հայաստանը մեծ տերությունների աշխարհակալական առճակատումներում (XVI դարից 1917թ.), Երևան, 2004, էջ 628:

5«Հայկական լեռնաշխարհը կամ նրա որևիցե մասը երբեք չեն մտել և չեն մտնում Անատոլիայի մեջ, որը զբաղեցնում է Փոքր Ասիայի տարածքը» (Л.Зограбян, Орография Армянского нагорья, Е., 1979, с. 14):

6Նշվել է, որ «Հայկական տեղանունների վերականգնումները հատկապես կարևոր նշանակություն ունեն մեր օրերում, երբ թուրքական պատմագիտությունը փորձում է կեղծել ու յուրացնել հայկական տեղանունները, ժխտել հայկական հին և միջնադարյան պետականության, հոգևոր մշակույթի գոյությունը Արևմտյան Հայաստանում: Իրականում հենց այդ գրանցումները... արմատապես մերժում են այդօրինակ նկրտումներն ու քաղաքական շահարկումները» (Լ.Սահակյան, Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, Եր., 2007, էջ 278):

7Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում` Բարձր Հայքի Բաբերդի և Կարին-Էրզրումի շրջանում կատարվող պեղումների արդյունքները ներկայացվում են որպես «Հյուսիսարևելյան Անատոլիական հնագիտական նախագծի» նյութեր (The University of Melbourne (ABN: 84 002 705 224) 1994-2001, "The North-Eastern Anatolian Archeological Project”), առանց հայերի և Հայաստանի հիշատակության, հակառակ այն իրողության, որ դրանք Հայոց պատմության, հատկապես, Հայասա-Հայքի թագավորության (մ.թ.ա. XV-XIIIդդ.) և հետագա ժամանակներին են վերաբերում:

82008թ. հունիսի 10-ին Չիկագոյում «Կենտրոնական ասիական արդյունավետության հետազոտական կենտրոնի» և «Պակիստանի ակումբի», ինչպես նաև «Կոմերցիոն կցորդի օֆիսի», Թուրքիայի գլխավոր հյուպատոսության և կոմերցիոն բաժնի, Պակիստանի հյուպատոսի հովանավորությամբ` Չիկագոյի համալսարանի բիզնեսի մագիստրատուրայի Գլիչեր կենտրոնում կազմակերպված «Նոր Մետաքսի ճանապարհի բիզնեսային հնարավորությունները» «կոնֆերանսում» (http://en.apa.az/news.php?id=50316) Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները լկտիաբար հնչեցրել են բացարձակապես խեղաթյուրված և կեղծ հայտարարություններ Հայաստանի Հանրապետության հասցեին` Արցախի ազատագրական պատերազմի արդյունքների կապակցությամբ: Նրանք անտեսել են այնպիսի կարևոր փաստ, որ պատերազմում ագրեսորը եղել է հենց Ադրբեջանի Հանրապետությունը, որը պարտվել է, ուստի հայկական ուժերը ոչ թե «Ադրբեջանից գրավել են նրա տարածքները», ինչպես պնդել են այդ «կոնֆերանսում», այլ ազատագրել են խորհրդային կենտրոնի կողմից 1921թ. Ադր. ԽՍՀ գաղութային ռեժիմին «հանձնված» հայոց Արցախի հողերի մի մասը: Ուստի, բացարձակապես անհիմն է հնչում Հայաստանի հետ երկխոսություն սկսելու Թուրքիայի ու Ադրբեջանի «պատրաստ» լինելու թեզը` իբրև թե «Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի հեռանալու» պայմանով: Պատմության մեջ այդպիսի դեպք չի եղել, որ հաղթող, առավել ևս՝ իր հայրենի տարածքներն ազատագրող ժողովրդին պայմաններ թելադրի պարտված հակառակորդը: Ավելին, մինչ նման «նախապայման» ներկայացնելը Թուրքիան պարտավոր էր հիշել, որ ինքը բնիկ հայերի ցեղասպանության միջոցով զավթել է Արևմտյան Հայաստանը և Հայկական Կիլիկիան, իսկ իր հովանավորած «ադրբեջանցիները» շարունակում են հայկական տարածքների` Նախիջևանի, Ուտիքի և Արցախի մի մասի օկուպացումը:

9Հայտնի արևելագետ Վ.Բարտոլդը 1924թ. Բաքվում կարդացած իր դասախոսություններից մեկի ժամանակ իրեն տրված հարցին, թե` «Ադրբեջան ասելով հաճախ նկատի ունեն պարսկական Ադրբեջանը` Թեբրիզ գլխավոր քաղաքով, Արաքս գետից այն կողմ: Արդյ՞ք մենք իրավունք ունենք մեզ անվանել Ադրբեջան…», պատասխանել է. «…Ադրբեջան ընտրված է այն պատճառով, որ, երբ հաստատվում էր Ադրբեջանի Հանրապետությունը, ապա ենթադրվում էր, որ պարսկական և այս Ադրբեջանը կկազմեն մեկ ամբողջություն» (В.В. Бартольд, Сочинения, т. II (1), Работы по истории Кавказа и Восточной Европы, M., 1963, с. 703):

10Հայերի նախնիները համարվեցին եկվոր` «նախահայկական», «թրակա-փռյուգական գաղթականության հետ կապված» ցեղեր:

11Ինչպես Մարաստանի և Ատրպատականի հին իրանական ցեղերին, այնպես էլ Կուրի ձախափնյակի` «Ալբանիայի» առումով անտիկ սկզբնաղբյուրների հիշատակած «ալբանացիներին», հայտարարելով իրենց նախնիները և «ալբանական» ներկայացնելով նաև Կուրի աջափնյա` բնիկ հայկական Արցախի և Ուտիքի հին և միջնադարյան պատմությունը, «ադրբեջանցի» վայ-պատմաբանները հիմնավորապես կեղծում են պատմությունը և այսօր` պարտվելով Արցախյան պատերզամում, նրանց գաղափարախոսները դեռևս բարբաջում են ազատագրված հայկական հողերի հաշվին Ադրբեջանի Հանրապետության «տարածքային ամբողջության» մասին: Այնինչ, բնիկ հայկական` Կուրի աջափնյակի և ձախափնյակի` անտիկ աղբյուրների հիշատակած «ալբանացիների», ինչպես նաև Մարաստանի ու Ատրպատականի իրանական ցեղերի հետ մարդաբանական, էթնիկական և մշակութային ոչ մի կապ չունեին ուշ միջնադարում մոնղոլական և միջինասիական տափաստաններից ու Ալթայից Առաջավոր Ասիա ներխուժող` թալանով ու ավերածություններով զբաղվող քոչվոր օղուզ-թուրքական ցեղերը և նրանցից սերած «թաթարները», որոնք միայն 1936թ. «անվանվեցին» «ադրբեջանցիներ» Ադր. ԽՍՀ-ում:

12XXIդ. սկզբներին, ի շարունակություն հանցավոր քաղաքականության, ադրբեջանական իշխանություններն իրենց զինվորների ձեռքով ոչնչացրին Ջուղայի տասնյակ հազարավոր հիասքանչ խաչքարերից մնացած վերջին խմբերը: Մշակույթի եղեռնը իրականացվեց մուրճերով, բահերով և ծանր տեխնիկայով` խաչքարերի սրբավայրը վերածելով հրաձգարանի:Պարտություն կրելով Արցախի ազատամարտում, թշնամին իրեն բնորոշ վայրնությամբ, մի կողմից՝ ոչնչացնում է հայկական հուշարձանները, իսկ մյուս կողմից ՝ «տեղեկատվական պատերազմի միջոցով» կեղծիքով ու ստով «հեղեղում» աշխարհը։

կատեգորիա: Քարտեզագրական պատերազմներ | ավելացրել է: parcom (26.03.2010) | հեղինակ: Էդուարդ Դանիելյան
դիտումներ: 2089 | վարկանիշ: 5.0/1
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

parcom

բաժնի կատեգորիաները
Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ [7]
Քարտեզագրական պատերազմներ [1]
Քարտեզատարածման պատերազմներ [0]

Օրացույց
the future is tricolor










our banner