parcom
armenian maps
շաբաթ, 16.12.2017, 22:49


մուտք | RSS
parcom

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » Հոդվածներ » Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ

ԹՈՒՐՔ ԳՐՈՂԸ ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայտնի է, որ նորագույն շրջանի թուրք գրականությունը գրեթե չի անդրադարձել Հայոց ցեղասպանության, իսլամացած հայերի թեմային, եւ միայն վերջին մի քանի տարիներին է, որ այդ ուղղությամբ որոշակի շարժ կա։ Լույս են տեսել եւ ներկայումս էլ շարունակում են տպագրվել հիմնականում փաստագեղարվեստական բնույթ ունեցող գրքեր` նվիրված հիշյալ թեմաներին։ Ակնհայտ է նաեւ, որ այդ ստեղծագործությունները շատ դեպքերում պարունակում են որոշակի քաղաքական եւ քարոզչական ենթատեքստեր։ Գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչընը առաջիններից է թուրք հեղինակներից, որ անդրադարձել է հայկական թեմատիկային, մասնավորապես, իսլամացած ու ծպտյալ հայերին։ Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել նրա` «Քեզ հետ է ուրախանում սիրտս» փաստագեղարվեստական վեպը, որն արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով։ Նշենք, որ այդ գրքից հետո Քեմալ Յալչընը հեղինակել է եւս երկու գիրք, որոնք ունեն նույնանման բովանդակություն եւ ուղղակի կամ անուղղակի վերաբերվում են Հայոց ցեղասպանությանն ու իսլամացած հայերին։ Վերջերս մեր խնդրանքով գրողը հարցազրույց է տվել «Հանրապետական» ամսագրին, որը ներկայացնում ենք ստորեւ։
Ռ. Մ.

Հարց – Մեծարգո պարոն Յալչըն, հայ ընթերցողները «Քեզնով է ուրախանում սիրտս» գրքի շնորհիվ արդեն ծանոթ են Ձեզ։ Հետաքրքիր է իմանալ, թե ինչու եք ընտրել հատկապես հայկական թեմատիկան։
Պատ.– Շատ ընթերցողներ հարցնում են. «Դու հայկական ծագո՞ւմ ունես եւ դրա՞ համար ես արդյոք հայերին վերաբերվող գրքեր գրում»։ Այսպիսի հարցերին միշտ նույն պատասխանն եմ տվել եւ այժմ Ձեր հարցին էլ եմ նույն պատասխանը տալիս։ Ես թուրք ծնողների, սուննի մուսուլման ընտանիքի զավակ եմ։ Ինչքան որ ես գիտեմ` իմ ազգ ու տակում հայ կամ էլ քրիստոնյա, գրիգորյան հավատքի ազգական չունեմ։ Հայերի հետ պատահած մեծ աղետը, Անատոլիայի հույների ապրած աղետը, ցավն ուսումնասիրելու, պատմական ճշմարտություններն ի հայտ հանելու եւ գրելու համար բավական է լինել խղճի տեր մարդ։ Ես նախ եւ առաջ որպես մարդ եմ ուսումնասիրել այս թեմաներն ու գրել, գրքեր հրատարակել։
Ես նախնական, միջնակարգ եւ բարձրագույն կրթությունս Թուրքիայում եմ ստացել։ Թուրքական ազգային կրթության սկզբունքների համաձայն գրված պատմության դասագրքերն եմ կարդացել։ Ոչ միջնակարգ դպրոցում եւ ոչ էլ բուհում հայերի, ասորիների, հույների եւ մյուս ոչ մուսուլման ժողովուրդների հետ պատահած աղետների մասին չեմ կարդացել։ Պատմության դասերի ժամանակ մեզ ասվում էր. «Օսմանցիների հացը ուտող հայերը եւ հույները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությանը թիկունքից հարվածեցին, դավաճանեցին։ Օսմանցիներն էլ` իրավացի լինելով, նրանց անհրաժեշտ պատասխանը տվեցին»։ Ոչ միայն ոչ մուսուլման ժողովուրդների գոյության, այլեւ ալեւիների, քըզըլբաշների, քրդերի գոյության մասին անգամ կարգին չգիտեինք։ Ես դպրոցներում ձեւավորվել էի հետեւյալ գաղափարով. «Թուրքը բացի թուրքից ուրիշ բարեկամ չունի»։ Դպրոցական կյանքից, դասերից դուրս իմ կարդացած գրքերի շնորհիվ սկսեցի իմանալ ճշմարտությունները։ Համալսարանական տարիներին եւ դրանից հետո չնայած հարում էի ձախակողմյան շարժումներին, սակայն այս հարցերով շատ չէի հետաքրքրվում։ Մենք գոչում էինք. «Բոլոր երկրների բանվորներ եւ ճնշվող ժողովուրդներ, միացե՛ք», Վիետնամի, Հարավային Աֆրիկայի, Պաղեստինի, Լատինական Ամերիկայի ժողովուրդների ազատագրության համար գրում-կարդում էինք, սակայն օրինակ, Ստամբուլի Քումքափը թաղամասի ուսանողական հանրակացարանի (ուր երկու տարի մնացել եմ) անմիջապես կողքին ապրող հայերի գոյության մասին տեղյակ չէինք, համենայնդեպս` ես։
Երբ 1980թ. սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո եկա Գերմանիա, սկսեցի ազատվել այդ միակողմանի, սխալ գաղափարներից։ Եվ այս հարցում ինձ վրա ամենամեծ ազդեցություն ունեցած մարդը Մելինե անունով թուրքերենի ուսուցչուհին էր, որի հետ ես ծանոթացա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ժամանակ։ Հայազգի Մելինեն մեզ` թուրքերենի ուսուցիչներիս, սովորեցնում էր Գերմանիայում թուրքերեն դասավանդելու առանձնահատկությունները։ Դասընթացների ընթացքում իմ եւ Մելինեի միջեւ ջերմ բարեկամություն ձեւավորվեց, ես սկսեցի հետաքրքրվել Մելինեի կյանքով, նրա անցյալով։ Երբ ուսումնասիրում էի Մելինեի կյանքը, հասկացա, որ նրա ապրած ցավն իրականում հայերի ապրած ցավերի միայն մի կաթիլն է։ «Քեզնով է ուրախանում սիրտս» փաստագրական վեպս 1994–2000թթ. ընթացքում իմ արած ուսումնասիրությունների արդյունքն է։ Մինչ օրս այն թարգմանվել է ութ լեզվով։ Ես կիսում եմ հայ ազգի ցավերը եւ դրանք համարում նաեւ իմը։
Հարց – Վերջին ժամանակներս ավելի շատ է քննարկվում Թուրքիայում ապրող ծպտյալ կամ իսլամացած հայերի խնդիրը։ Ըստ Ձեզ` սա ինչի՞ հետ է կապված։
Պատ.– Թուրքիայում վերջին 10-15 տարիներին սկսել են տաբուները քանդվել։ Լույս տեսան եւ շարունակում են տպագրվել մեծ թվով հետազոտություններ, վեպեր, որոնք չեն արտահայտում պաշտոնական պատմագրության տեսակետները։ Ինչքան շատ է քննարկվում ինքնության հարցը, այնքան ավելի շատ մարդ է սկսում ուսումնասիրել, փնտրել իր արմատները, ցեղը, ինքնությունը։ Ֆեթհիյե Չեթինի նման մարդիկ իրենց ցեղի, ընտանիքի մասնավոր պատմությունը գրեցին, հրատարակեցին։ Այս տիպի գրքերը գնալով ավելանում են։ Սակայն պետական համապատասխան կառույցները հենց սկզբից ի վեր հետեւել եւ հետեւում են ծպտյալ հայերին, հավատափոխներին, իսլամացած հայերին, ասորիներին, հույներին։ Վերջերս թերթերը գրել էին, որ 1980թ. հեղաշրջումից անմիջապես հետո զինվորական խունտայի ներկայացուցիչները մի հրաման էին արձակել, որը պահանջում էր հետեւյալը. «Ձեր թաղամասի, շրջապատի հայերին, հույներին ուսումնասիրեք եւ հսկողության տակ վերցրեք»։ Եվ Թուրքական պատմական ընկերության նախագահի հայտարարությունը, թե «իսլամացված, կրոնափոխված հայերի անունները, տվյալները անուն առ անուն, հայտնի են, եւ նրանց ցուցակը ձեռքումս է»` ոչ այլ ինչ է, քան պետության գաղտնի ծառայությունների երկար ժամանակ ի վեր կատարած աշխատանքի պաշտոնական բացահայտում։ Այս հայտարարությունն իրականում սպառնալիք էր ծպտյալ կամ բացահայտ հայ քաղաքացիների նկատմամբ, որոնք ապրում են Թուրքիայում կամ էլ արտասահմանում։
Հարց – Ինչպես հայտնի է, Եվրոպայում էլ Թուրքիայից արտագաղթած ծպտյալ եւ իսլամացած հայեր կան։ Նրանց մասին մանրամասն կարո՞ղ եք պատմել։
Պատ. – Ճիշտ է, Եվրոպայում Թուրքիայից արտագաղթած իսլամացած հայեր կան, սակայն ես նրանց հստակ թիվը չգիտեմ։ Այս հարցում Գերմանիայի հայ համայնքն ավելի մանրամասն տվյալներ կարող է տալ։
Հարց – Իսկ Եվրոպայում ծպտյալ հայերը շարունակո՞ւմ են իրենց ինքնությունը թաքցնել։
Պատ. – Իմ հետազոտությունների ընթացքում շատ իսլամացած, ծպտյալ հայեր կամ էլ, այսպես կոչված, «մերոնք»,(1) որոնք ազգականներ, մերձավորներ ունեն Թուրքիայում, պատմել են, որ նույնիսկ Գերմանիայում նրանք ստիպված են եղել երկար ժամանակ իրենց ինքնությունը թաքցնել։ Շատ հայեր դեռ վախենում են, որ Ստամբուլի, Անատոլիայի իրենց մերձավորի, եղբոր, ընտանիքի հետ կարող է փորձանք պատահել։ Այս վախի պատճառով էլ նրանք լռում են, թաքցնում իրենց իրական ինքնությունը։ Այս վախը ոչ միայն Եվրոպայում ապրող թուրքահայերի շրջանում է տարածված, այլեւ դեռ առկա է նույնիսկ հեռավոր Արգենտինայում ապրող որոշ թուրքահայերի շրջանում։
Հարց – Եվրոպայի ծպտյալ հայերն իրենց որպես հայ համարո՞ւմ են, կա՞ն արդյոք կրոնադարձության դեպքեր, ներքին ամուսնությունները դեռ պահպանվո՞ւմ են։
Պատ. – Ծպտյալ հայերի շրջանում, լինի Թուրքիայում թե Եվրոպայում, կան քրիստոնեության վերադարձողներ։ Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք նույնիսկ 40 ï³ñ»Ï³ÝÇó հետո կնքվել են։ Ծպտյալ հայերի շրջանում ներկայումս էլ դեռեւս գերակշիռ թիվ են կազմում ներքին ամուսնությունները։
Հարց – Ինչպիսի՞ն են Եվրոպայի ծպտյալ հայերի հարաբերություններն այնտեղի մյուս հայերի հետ։
Պատ.– Ես նկատել եմ, որ Թուրքիայի հայերի եւ Հայաստանի հայերի միջեւ մտածելակերպի, քաղաքական հայացքների, դիրքորոշման եւ կենսաձեւի տեսանկյունից որոշ տարբերություններ կան։ Սակայն սրա չափերը, ընդգրկումը չեմ ուսումնասիրել եւ քննել։ Ես կարծում եմ, որ այս հարցերում հայկական համայնքները, կուսակցությունները եւ կազմակերպություններն ավելի շատ տեղեկությունների են տիրապետում։
Հարց – Թուրք որոշ գիտնականներ ծպտյալ եւ իսլամացած հայերին համարում են սպառնալիք Թուրքիայի համար։ Այս մասին ի՞նչ եք մտածում։
Պատ. – Ես ընդհանրապես չեմ կարծում, թե բռնությամբ, վախով կրոնը փոխած, իրական ինքնությունը թաքցրած մարդիկ Թուրքիայի համար սպառնալիք են։ Այն մարդը միայն, ով կարողանում է ազատորեն պահպանել իր ինքնությունը, կարող է իսկապես սիրել այն պետությունը, երկիրը, որտեղ նա ապրում է։ Այն հասարակությունում, որտեղ խաղաղության մշակույթը կյանքի է կոչվել, կրոնական, լեզվական, մշակութային տարբերությունները վերածվում են հարստության աղբյուրի։ Կարճ ասած` մի մրգով այգի չի լինում։ Ես այս իրականությունը հասկացել եմ` ապրելով Գերմանիայում որպես թուրք փոքրամասնության ներկայացուցիչ։ Եվրոպայում փոքրամասնություններին տրված եւ օրենքներով երաշխավորված իրավունքները Եվրամիությանն անդամակցել ցանկացող Թուրքիայում էլ կարող են կյանքի կոչվել։ Ահա այդ ժամանակ Թուրքիան բոլորովին այլ Թուրքիա կարող է դառնալ։
Հարց – Մտածո՞ւմ եք արդյոք այս թեմայով նոր գրքեր գրել։
Պատ. – Ես «Պահ տված օժիտը» փաստագրական վեպով 1998թ. ստացել եմ Աբդի Իփեքչիի անվան Բարեկամության եւ խաղաղության հատուկ մրցանակ, իսկ 1999թ.` Թուրքիա–Հունաստան բարեկամության եւ խաղաղության մրցանակ։ Այս մրցանակներն ինձ պարտավորեցնում են Թուրքիայում եւ աշխարհում խաղաղության ու բարեկամության զարգացման համար ավելի շատ աշխատել, ավելի շատ գրել։
Եվ վերջում ես շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` իմ մտքերն արտահայտելու հնարավորություն տալու համար։ Օգտագործելով այս առիթը` սիրով եւ հարգանքով ողջունում եմ իմ հայ ընթերցողներին։

Զրույցը վարեց Ռուբեն Մելքոնյանը
1.«Մերոնք»-ը կամ թուրքերեն bizimkiler-ը այն անվանումն է, որով ծպտյալ հայերը կոչում են իրենք իրենց, եւ սա արվում է նաեւ անվտանգության նկատառումներից ելնելով (Ռ. Մ.)։

կատեգորիա: Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ | ավելացրել է: parcom (12.05.2010) | հեղինակ: Ռուբեն Մելքոնյան W
դիտումներ: 870 | վարկանիշ: 4.7/3
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

parcom

բաժնի կատեգորիաները
Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ [7]
Քարտեզագրական պատերազմներ [1]
Քարտեզատարածման պատերազմներ [0]

Օրացույց
the future is tricolor










our banner