parcom
armenian maps
հինգշաբթի, 28.03.2024, 20:17


մուտք | RSS
parcom

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » Հոդվածներ » Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՍՐԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ներկայումս Թուրքիան ապրում է ահաբեկչական գործողություններով լի մի շրջան, երբ հիմնականում դրսեւորվում են քուրդ ապստամբները:

2010 թվականի մայիսի 31-ի գիշերը թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելական հատուկ ջոկատայինների հարձակումից ժամեր առաջ PKK զինյալները հարձակում գործեցին Իսքենդերունի ռազմածովային բազայի վրա, ինչի արդյունքում զոհվեց 7 թուրք զինծառայող: Ի պատասխան` թուրքական ռմբակոծիչներն ավիահարվածներ հասցրին Հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ ապստամբների ճամբարներին:

2010 թվականի հունիսի 14-ին PKK զինյալները Թունջելի– Էրզինջան ավտոմայրուղում երկու ժամ կանգնեցրել են անցնող ավտոմեքենաները, իջեցրել ուղեւորներին, ստիպել, որ վերջիններս հիշատակի համար նկարվեն «Կեցցե՛ ժողովրդավարական ինքնավար Քուրդիստանը» կարգախոսի ներքո: Հունիսի 19-ին 250 քուրդ զինյալ միաժամանակ երեք տեղից հարձակվել են Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանի թուրքական զորամասի վրա, ինչի արդյունքում զոհվել է 9 եւ վիրավորվել 14 թուրք զինծառայող: Ապա նույն վայրում, հայտնվելով ականապատ տարածքում, պայթյունից զոհվել է եւս 2 թուրք զինծառայող: Հունիսի 19-ի գիշերը քուրդ զինյալներն Էլազըղ նահանգում հարձակում են գործել թուրքական զինվորական անցակետի վրա եւ սպանել 1 թուրք զինծառայողի: Հունիսի 24-ին նույն շրջանի ջրամբարի պահպանության ժամանակ թուրք զինծառայողները հայտնվել են քուրդ զինյալների կրակահերթի տակ, ինչի ընթացքում զոհվել է 2 թուրք զինծառայող:

Հունիսի 21-ին պայթյուն տեղի ունեցավ Ստամբուլում, ինչի արդյունքում զոհվեց 4 թուրք զինծառայող, վիրավորվեց 12 մարդ: Դրանից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետ Հյուսեին Ավնի Մութլուն հայտարարեց, որ դա ահաբեկչական գործողություն է: Ստամբուլի մարդաշատ Հալքալը շրջանում տեղադրված պայթուցիկ սարքը գործել է այն ժամանակ, երբ նրա մոտով անցնելիս է եղել զինվորականներով լի ավտոբուսը: Ամենայն հավանականությամբ այդ սարքը գործի է գցվել բջջային հեռախոսի միջոցով: Հարկ է նշել, որ այս պայթյունը տեղի ունեցավ այն բանից մեկ օր անց, երբ սկսվեց թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի իրաքյան սահման, ուր տեղակայված են PKK ռազմաբազաները: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնեց «Քուրդիստանի ազատագրման արծիվներ» (քրդերեն` TAK) խմբավորումը: Այս կապակցությամբ PKK արտաքին կապերի ներկայացուցիչ Ահմեթ Դենիզը հայտարարեց, որ PKK-ն որեւէ կապ չունի TAK-ի հետ, եւ իրենք որեւէ պատասխանատվություն չեն կրում ստամբուլյան պայթյունի համար:

Հարկ է նշել, որ 2010 թվականին սա առաջին պայթյունը չէր Ստամբուլում. հունիսի 8-ին նրա եվրոպական հատվածում տեղի ունեցած պայթյունի արդյունքում վիրավորվել է 15 մարդ` հիմնականում ոստիկաններ: Այս դեպքում էլ ձեռագիրը նույնն էր. պայթյունը տեղի էր ունեցել հենց այն պահին, երբ տեղադրված պայթուցիչի մոտով անցնելիս է եղել ոստիկաններով լի ավտոբուսը:

Հունիսի 30-ին PKK զինյալները Սղերթ նահանգում հարձակվել են տեղի ռազմաբազայի վրա ու սպանել 2 զինվորականի եւ 3 գյուղական պահապանի: Ահմեթ Դենիզի տվյալներով` վերջին մեկ ամսվա ընթացքում թուրքական բանակի եւ PKK-ի միջեւ ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 52 բախում, ինչի արդյունքում զոհվել է 126 թուրք զինծառայող եւ 26 քուրդ զինյալ: Դրա համար էլ վերջին շրջանում թուրքական հասարակությունում ուժեղացել է այն միտումը, որ նա չի ցանկանում իր երեխաներին ուղարկել PKK-ի դեմ պատերազմին:

Վերջին մեկ ամսվա ընթացքում PKK գործողությունները վկայում են այն մասին, որ նա փոխել է մարտավարությունը. խաղաղ բնակչության շրջանում պայթյուններ իրականացնելու եւ զբոսաշրջիկներին ահաբեկելու փոխարեն այժմ պլանավորված է հյուծել թուրքական զորամասերը եւ ստիպել նրանց` դիմելու պաշտպանական գործողությունների: Դրա համար էլ PKK ներկայիս գործողությունները դժվար է որակել որպես ահաբեկչական: Այս իրադարձություններից առաջ PKK-ն հայտարարել էր մեկ տարի տեւած զինադադարի միակողմանի չեղյալ հայտարարման եւ հունիսի 1-ից թուրքական բանակի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու մասին: Սա խոսում է այն մասին, որ վերջին շրջանում Թուրքիայում ընթացող արյունալի իրադարձությունները չէին կարող անակնկալ լինել թուրքական իշխանությունների համար: PKK գործողությունները բողոքի մեծ ալիք բարձրացրին ողջ երկրում եւ լայնամասշտաբ քննարկման առարկա հանդիսացան:

Այս կապակցությամբ հունիսի 21-ին Չանքայա նախագահական նստավայրում երկրի նախագահ Աբդուլահ Գյուլի նախագահությամբ տեղի ունեցավ անվտանգության նիստ: Դրանում դիտարկվել են ահաբեկչական գործողությունների ավելացման պատճառները եւ ընդունվել 3 կարեւոր որոշում. ա) PKK գործունեությունը չեզոքացնելու համար անհրաժեշտ է վերջ տալ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող հետախուզական տվյալների ոչ շարունակական բնույթին, բ) ԱՄՆ-ի եւ Իրաքի վրա մեծացնել դիվանագիտական ճնշումը, որպեսզի դա հանգեցնի նրան, որ Հյուսիսային Իրաքի տարածաշրջանային վարչակազմի լիդեր Մասուդ Բարզանին կարողանա վերահսկել PKK-ի կողմից սահմաններն անցնելու գործընթացը, գ) ուշադրություն է դարձվելու ԶԼՄ-ի կողմից ահաբեկչության հետ կապված զգայական հաղորդումների ցուցադրությանը (ինչն անուղղակիորեն բարձրացնում է ապստամբների իմիջը):

Փաստորեն, Թուրքիայում գտնում են, որ անհրաժեշտ է համագործակցել Բարզանիի հետ: Ներկայումս այդ համագործակցությունը որակվում է որպես անբավարար: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ԱԳՆ-ը դրականորեն գնահատեց Քրդական տարածաշրջանային վարչակազմի կողմից Շեմդինլիի ահաբեկչությունների քննադատությունը: Այժմ պլանավորված է թուրք-իրաքյան սահմանին նոր անցակետեր կառուցել:

Միեւնույն ժամանակ, Իրաքի ղեկավարությունը մերժել է PKK-ի դեմ պայքարի մեջ ներգրավվելու Թուրքիայի առաջարկը` հայտարարելով, որ Իրաքը թուրք ոստիկան չէ: Բնականաբար, դա ողջունվեց PKK-ի կողմից:

Հունիսի 22-ին Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը, հանդես գալով Չանաքքալե օկրուգում գեներալների ու ծովակալների համար նախատեսված «Մետաքսե ճանապարհ 2010» սեմինարում, նշեց. «Արդեն 25 տարի է, ինչ Թուրքիան պայքարում է PKK ահաբեկչական կազմակերպության դեմ: Ահաբեկչության դեմ պայքարում մեր գլխավոր նպատակն ահաբեկիչների ու նրանց հովանավորների հույսերն ի դերեւ հանելն է: Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ բռնության ու ահաբեկչության միջոցով ոչնչի չեն հասնի: Սխալ կլինի կարծել, որ միայն տնտեսական եւ սոցիալ-մշակութային միջոցներ ձեռնարկելը բավարար կլինի ահաբեկչական կազմակերպությունների վերացման համար: Դրա համար էլ, քանի դեռ ամբողջովին չի ոչնչացվել ահաբեկչական կազմակերպությունը, մենք պետք է լրիվ վճռականությամբ պայքարենք դրա դեմ»:

Բաշբուղը նաեւ հավելել է, որ այս հարցում ՆԱՏՕ-ն պետք է առավել ակտիվ գործի. «Ներկայիս սպառնալիքի պարագայում միջպետական համագործակցությունը դառնում է առավել անհրաժեշտ: Տվյալ իրավիճակում մեծանում է ՆԱՏՕ դերը որպես կոլեկտիվ անվտանգության եւ պաշտպանության կարեւոր կազմակերպություն: Հետեւաբար, չսահմանափակվելով միայն իր տարածաշրջանում գործողությունների իրականացմամբ` ՆԱՏՕ-ն նույնպիսի ակտիվությամբ պետք է գործի մյուս շրջաններում եւս, ուր իր անդամների կոլեկտիվ անվտանգության շահերը սպառնալիքի տակ են հայտնվել»: Բաշբուղը Բրյուսելին կոչ է արել վերափոխել ՆԱՏՕ կանոնադրության 5-րդ հոդվածը` առաջարկելով դրանում ներառել հրթիռային հարձակման ու էներգետիկ անվտանգության սպառնալիքներ եւ ահաբեկչություն բառերը:

Հունիսի 22-ին հանդես գալով Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) գլխավորած խորհրդարանական խմբակցության նիստում` Էրդողանը քննադատել է ընդդիմությանը, որը կոչ է անում վերջ դնել դեմոկրատական նախաձեռնություններին եւ արտակարգ դրություն մտցնել երկրի արեւելյան վիլայեթներում. «Դեմոկրատական նախաձեռնությունների ձեռնարկումը որեւէ կապ չունի ահաբեկչական գործողությունների հետ: Մենք «ազգային միասնության ու եղբայրության» այս նախագիծը ձեռնարկել ենք նրա համար, որ Թուրքիան ազատենք խրոնիկ խնդիրներից: Դեմոկրատական նախաձեռնությունների տապալումը հավասարազոր է այս երկրին, նրա երեխաներին ու երիտասարդությանը դավաճանելուն: Եթե մենք կասեցնենք դեմոկրատական նախաձեռնությունները, ապա դրանից կշահեն երիտասարդների արյունով սնվող վամպիրները: Ասում են, թե անհրաժեշտ է արտակարգ դրություն մտցնել: Սակայն դա նեղություն կպատճառի որոշակի շրջանների բնակիչներին: Արտակարգ դրությունը կխորացնի ահաբեկչությունը: Արտակարգ դրություն պահանջելը նշանակում է հանձնվել ահաբեկչությանը»:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հանդես գալով Հարավարեւելյան Եվրոպայի երկրների արտգործնախարարների նիստում, նշել է, որ բոլոր նրանց հանդեպ, ովքեր Եվրոպայում աջակցում են PKK-ին, Թուրքիան կվարվի նույն մեթոդով: Դավութօղլուն, PKK-ի հետ կապված, նախազգուշացրել է Իրաքին ու ԱՄՆ-ին. «Մենք ակնկալում ենք ոչ թե բառացի, այլ` գործուն աջակցություն: Մենք ստեղծել ենք եռակողմ մեխանիզմ այս օրերի համար եւ մեծ կարեւորություն ենք տալիս այդ մեխանիզմն էֆեկտիվ կերպով գործի գցելուն»:

Իր հերթին Էրդողանը նշել է. «Ահաբեկչական կազմակերպությունը վնասում է ոչ միայն Թուրքիային, այլեւ լուրջ սպառնալիք է բալկանյան ու եվրոպական երկրների համար: Չնայած դրան` որոշ եվրոպական երկրներ անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերում Թուրքիային` ահաբեկչության դեմ պայքարում: Կան այնպիսի եվրոպական երկրներ, որոնք ցայժմ չեն դադարեցրել ահաբեկչական կազմակերպություններին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը, աչք են փակում նրանց ծավալած գործունեության վրա, հանցագործներին չեն հանձնում Թուրքիային: Դրա համար էլ կարեւոր է ահաբեկչության դեմ պայքարում աջակցել Թուրքիային: Ահաբեկչության դեմ պայքարի համար պետք է ստեղծվի համատեղ պլատֆորմ: PKK-ն ահաբեկչական կազմակերպություն հռչակելով գործը չի ավարտվում: Եվրոպայի եւ, մասնավորապես, Բալկանների անվտանգությունն սկսվում է Հաքքարիից, Շեմդինլիից: Շեմդինլիում անվտանգության բացակայության դեպքում անհնար է խոսել բալկանյան եւ եվրոպական երկրների լրիվ անվտանգության մասին: Կրակը, որն այսօր այրում է ինձ, մի գեղեցիկ օր էլ կսկսի այրել այլ երկրներին: Եվ այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի»:

Հունիսի 25-ին Ստամբուլում Գյուլի նախագահությամբ տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը, որը տեւեց գրեթե 7 ժամ: Նիստից հետո ԱԱԽ Գլխավոր քարտուղարության հրապարակած փաստաթղթում նշված էր, որ ահաբեկչության դեմ անզիջում պայքարը կշարունակվի այնքան, քանի դեռ տվյալ սպառնալիքն ամբողջովին չի վերացվել: Նիստի ժամանակ դիտարկվել է նաեւ երկրի անվտանգության հետ կապված ներքին եւ արտաքին իրադարձությունների զարգացումը:

Քրդական Խաղաղություն եւ Ժողովրդավարություն կուսակցության (ԽԺԿ) նախագահ Սելահեթթին Դեմիրթաշն իշխանություններին խորհուրդ է տվել քաղաքական կամք ցուցաբերել եւ երկխոսության մեջ մտնել PKK-ի հետ. «Թուրքիայում գոյություն ունի ոչ թե ահաբեկչության, այլ` քրդական խնդիր: Քուրդ ժողովրդի լեզվի, մշակույթի ընդունման խնդիր կա: Իշխող կուսակցությունը, այս խնդիրը լուծելու փոխարեն, ավելի է ուժեղացրել ձուլման քաղաքականությունը»: Բացի այդ, Դեմիրթաշն Էրդողանին մեղադրել է ստախոսության եւ իրենց կուսակցությունը փակելու հրահանգ տալու մեջ. «Էրդողանը Թուրքիայում աճող ահաբեկչության մեղքը բարդում է ԽԺԿ-ի վրա: Եթե Թուրքիայի վարչապետն ուղիղ եթերով ժողովրդի առաջ սուտ է խոսում, ուրեմն նրա քաղաքական գաղափարներն սպառվել են: Մեկ տարի առաջ նա հայտարարեց քրդական հարցի կարգավորման մասին, սակայն ոչինչ չարեց եւ մեզ վրա հարձակվելով փորձում է խուսափել պատասխանատվությունից»:

Իսկ ահա ԽԺԿ խորհրդարանական Բենգի Յըլդըզը հունիսի 21-ին Բաթմանում տեղի ունեցած քրդերի ցույցի ժամանակ քրդերին կոչ է արել իրենց երեխաներին չուղարկել այս «կեղտոտ» պատերազմին. «Ով պատերազմ է ցանկանում, թող նա էլ ուղարկի իր երեխաներին: Թող որ այս երկրի ղեկավարները` վարչապետը, նախագահը եւ գեներալներն ուղարկեն իրենց երեխաներին: Մենք մեր երեխաներին ուղարկում ենք բանակ եւ ամեն օր ստանում ենք նրանց դիակները: Ավելի լավ է ձեր երեխաները 1, 2 եւ 10 տարի բանտում անցկացնեն, քան նրանց ուղարկեք բանակ»: Սա առիթ հանդիսացավ, որ Բաթմանի նահանգային դատախազությունը «զինվորական ծառայությունից խուսափելուն աջակցելու» եւ «ահաբեկչական կազմակերպության օգտին պրոպագանդա տանելու» մեղադրանքով հետաքննություն սկսի Յըլդըզի դեմ, որն ամիսներ առաջ հայտարարել էր, թե Թուրքիան պետք է ներողություն խնդրի դարասկզբին հայերի դեմ իրականացրած կոտորածի համար:

Ներկայումս Թուրքիայում PKK ակտիվացման հետ կապված առկա են մի շարք տեսակետներ. ա) «ահաբեկչության դեմ» պատերազմը ձեռնտու է Էրդողանին, որն էլ նախաձեռնել է այս ամենը, բ) այս գործողությունների հետեւում կանգնած է Իսրայելը` դրանով իսկ Էրդողանի համար բացելով «երկրորդ ճակատ», գ) այն նախաձեռնել են իշխանությունից դժգոհ թուրք զինվորականները:

Չնայած դրանց` կարելի է կարծել, որ այս ամենի նախաձեռնողը հենց PKK-ն է, որը դժգոհ է իշխող կուսակցության վարած քաղաքականությունից: Սկզբնական շրջանում Էրդողանը մեծ հարգանք էր վայելում քրդերի շրջանում, քանի որ մշտապես հայտարարում էր, թե քրդական խնդիրն իր անձնական խնդիրն է եւ խոստանում էր շուտափույթ լուծում տալ դրան: Սակայն ներկայումս պարզվեց, որ թուրքական կառավարությունը պատրաստ չէ լուրջ բարեփոխումներ իրականացնել, որոնք կարող են լուծել քրդական խնդիրը: Թուրքական հասարակությունը նույնպես պատրաստ չէ դրան: ԱԶԿ-ն չի կարող անվերջ խոստումներ տալ եւ իրական քայլեր չձեռնարկել այդ ուղղությամբ: PKK-ն գտնում է, որ Էրդողանը շարունակում է իր նախորդների վարած քրդերի ձուլման քաղաքականությունը: Վերջին 2-3 տարում Թուրքիայում ձերբակալվել են մոտ 2000 քուրդ քաղաքական գործիչ ու իրավապաշտպան, ինչպես նաեւ հազարավոր 11-18 տարեկան քուրդ երեխաներ (այդ թվում նաեւ աղջիկներ): Ի դեպ, վերջիններիս դատավճիռը շատ դեպքերում ավելի խիստ է ստացվում, քան, ասենք, PKK զինյալներինը: Բացի այդ, ԱԶԿ-ն թուրքական բանակ զորակոչված քրդերին ուղարկում է PKK զինյալների դեմ: Ստացվում է, որ քրդերը սպանում են միմյանց: Որոշակի տվյալներով` PKK-ի դեմ պայքարում թուրքական բանակի սպանվածների կեսից ավելին քրդեր են:

Բացի այդ, եթե ԱԶԿ-ին հաջողվի բարեհաջող ավարտի հասցնել սեպտեմբերի 12-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ապա կարող է մինչեւ 2011 թվականի խորհրդարանական ընտրությունները լրջորեն զբաղվել «Քրդական նախաձեռնություններով», ինչն էլ իր հերթին կասկածի տակ կդնի PKK գոյության անհրաժեշտությունը: Դրա համար էլ պատահական չէ այն հանգամանքը, որ երբ 2009 թվականի նոյեմբերի սկզբին ԱԶԿ-ն առաջ քաշեց «Քրդական նախաձեռնությունները», դրանից անմիջապես հետո PKK-ն բավական ակտիվացավ Թուրքիայում:



աղբյուրը: http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4946
կատեգորիա: Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ | ավելացրել է: parcom (22.07.2010) | հեղինակ: Հայկ Գաբրիելյան
դիտումներ: 1103 | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

parcom

բաժնի կատեգորիաները
Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ [7]
Քարտեզագրական պատերազմներ [1]
Քարտեզատարածման պատերազմներ [0]

Օրացույց
the future is tricolor










our banner