parcom
armenian maps
հինգշաբթի, 23.11.2017, 13:22


մուտք | RSS
parcom

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » Հոդվածներ » Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ

ՀԱՅ ՄԵԿ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ Է ՏԱՍԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԻ

Ռիչարդ Կիրակոսյանի հարցազրույցը «Կապիտալ» բիզնես օրաթերթին

Վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում ակտիվ քննարկվում է Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հավանականությունը: Հնչում են իրարամերժ տեսակետներ. օրինակ` Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն օրերս հայտարարեց, որ պատերազմի վերսկսման վտանգն իրական է: Ավելի վաղ Ղարաբաղյան պատերազմի վերսկսման մասին մտավախություն էր հայտնել նաև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը:

ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը, սակայն, իրավիճակը բնութագրում են «հանգիստ»:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ զրույցում փորձել ենք պարզել` որքանո՞վ է Ադրբեջանը պատրաստ պատերազմի:

-Պրն Կիրակոսյան, Ադրբեջանն ակտիվացրել է ռազմական հռետորիկան: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է իրական պատերազմի վերսկսման հավանականությունը։

-Իրականում այս վերջին ամսում Ադրբեջանը դարձել է ավելի ագրեսիվ, և մենք տեսնում ենք ադրբեջանական կողմից եկող պատերազմի վտանգ։ Սակայն կա մի բան, որը զսպում է Ադրբեջանին խոսքից գործի անցնելու։ Ադրբեջանը հասկացել է և գիտակցում է, որ եթե հիմա սկսի պատերազմ, այն տանուլ կտա։ Այս գիտակցումը պայմանավորված է ադրբեջանական բանակի թույլ լինելու հանգամանքով։

Այս ամենում, սակայն, մտահոգիչ է բոլորովին այլ բան. վտանգավոր է, որ ինչ-որ փոքր իրադարձություն կարող է շատ արագ դառնալ լուրջ խնդիր և դուրս գալ վերահսկողությունից։ Այս պարագայում դարձյալ վտանգը գալիս է ադրբեջանական կողմից։ Եթե փորձենք բացատրել Ադրբեջանի ագրեսիայի պատճառը, պիտի ենթադրենք, որ այն կա՛մ ներքին քաղաքական խնդիրներն են, կա՛մ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կասեցնելը, ավելի ստույգ՝ սպանելը։ Այսինքն՝ շատ հավանական է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միակ խոչընդոտը Ադրբեջանը համարի պատերազմը և անցնի գործողությունների։

Այստեղ հետաքրքիր է ուժերի հավասարակշռության խնդիրը։ Հայաստանը տարածաշրջանում ամենաուժեղ բանակ ունեցողն է, ավելին` հայկական բանակը պաշտպանողական է, ոչ թե հարձակվողական։ Փաստ է նաև այն, որ Հայաստանը օգնում և նպաստում է տարածաշրջանի կայունությանը։ Նույնանման փաստ է, որ Ադրբեջանն այսօր իր հայտարարություններով սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև ցանկացած գործողություն մարտահրավեր է` ուղղված տարածաշրջանային կայունությանը։

-Դուք նշեցիք, որ փոքրիկ առիթը կարող է դառնալ պատերազմի վերսկսման պատճառ։ Ըստ Ձեզ` ի՞նչը կարող է դառնալ առիթ։

-Խնդիրն այն է, որ իրադրությունը լարված է։ Խնդրային է նաև այն, որ Ադրբեջանն ուրիշների փորձերից դասեր չի քաղում։ Օրինակ՝ վրաց-օսական պատերազմից աշխարհը հասկացավ, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտության լուծումը հնարավոր չէր ռազմական գործողություններով։ Ադրբեջանն այս դասը աչքաթող արեց և վերցրեց մի բան, ինչը հարմար է իրեն։ Ադրբեջանը մտածում է, որ Սաակաշվիլիի սխալը ոչ թե ռազմական ուժ կիրառելն էր, այլ պատերազմին նախապես լավ չպատրաստվելը։ Ավելին՝ Ադրբեջանը հայտարարեց, որ ինքը չի կրկնի Վրաստանի այդ սխալը։ Սա նշանակում է, որ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար գործընթացը չի կարողանում փոխել Ադրբեջանի դիրքորոշումը, և, ցավոք, պաշտոնական Բաքուն շարունակում է մնալ իր հին դիրքորոշմանը, այսինքն՝ շարունակում է մտածել, որ կարող է հարցերը լուծել ուժի կիրառման ճանապարհով։ Մինսկի խմբի և աշխարհի ուշադրությունը պետք է սևեռել այս հանգամանքի վրա և բարձրաձայնել, որ պատերազմի վտանգ է գալիս Ադրբեջանից։

Մի քանի տարի առաջ` մարտին, ադրբեջանական բանակը կարծես փորձության ենթարկեց հայկական բանակին։ Հիմա գալիս է ամառ, և մենք պետք է պատրաստ լինենք և սպասենք դիպուկահարների հարձակումների հաճախակիացմանը։

-Դուք նշեցիք, որ հայկական բանակը տարածաշրջանի կայունության երաշխիքներից մեկն է։ Որքա՞ն երկար կարող է հայկական բանակը շարունակել մնալ խաղաղության երաշխիք։

-Մենք տեսնում ենք, որ ապագայում հավասարակշռությունը կարող է փոխվել, և 8-10 տարի հետո Ադրբեջանը կարող է ունենալ ավելի ուժեղ բանակ, սակայն սա կարող է իրական լինել, եթե հենց հիմա Ադրբեջանը սկսի ռազմական բարեփոխումները իր չափից շատ կոռումպացված բանակում։ Սակայն առ այսօր նման բարեփոխումներ կամ բարեփոխումների ցանկություն ադրբեջանական բանակում չենք տեսնում։ Հայկական բանակն այս առումով ունի բացարձակ առավելություններ։ Հայաստանի համար կա ևս մեկ առավելություն. Ադրբեջանն իր ռազմավարությունը կառուցում է պատերազմական հին տրամաբանությամբ։ Այսինքն՝ այսօր պատերազմներն այլևս կախված չեն քանակից, այսօր չափազանց կարևոր է որակը և պատրաստվածությունը, մի բան, որն Ադրբեջանը չունի։ Հայկական բանակն այսօր ընթանում է արդիականացման և պրոֆեսիոնալիզացման ճանապարհով։ Այսպիսով` Հայաստանը նայում է առաջ, իսկ Ադրբեջանը՝ հետ։

Այսօր գործում է պատերազմի նոր մոդել, և մենք դա տեսանք Իրաքում և Աֆղանստանում։ Հետարդյունաբերական դարաշրջանում պատերազմներն ընթանում են ոչ թե մեծ բանակների, այլ փոքր հատուկ նշանակության ջոկատների միջև։ Հենց այս ուղղությամբ էլ Հայաստանը շարժվում է, մասնակցում է մի շարք զորավարժությունների, վերցնում է նրանց փորձը և տեղայնացնում։ Այս առումով մենք պետք է արժանին մատուցենք Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատանքին։

-Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը` հնարավոր համարո՞ւմ եք ղարաբաղյան հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով։

-Վրաստանի պատերազմից հետո Մինսկի խմբի աշխատելաոճում տեղի ունեցավ փոփոխություն. եթե նախկինում խոսում էին միայն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին, ապա 2008թ. օգոստոսյան դեպքերից հետո Մինսկի խմբի ուղերձը փոխվեց, և այդ երկու սկզբունքներին միացավ ևս մեկը` ուժ չկիրառելու սկզբունքը։ Այսօր` ամեն անգամ հայտարարություն անելիս, Մինսկի խումբն ասում է, որ հակամարտությունը պետք է լուծվի առանց ուժի կիրառման, խաղաղ ճանապարհով։ Հատկանշական է, որ այս ուղերձն ուղղված է հիմնականում Բաքվին։ Սա նաև նշանակում է, որ եթե հանկարծ սկսվի պատերազմ, միջազգային հանրության համակրանքը չի լինի Ադրբեջանի կողմը, չի բացառվում նաև, որ Բաքուն իր այդ արարքի համար պատժվի։

-Պատերազմի հավանական վերսկսումը որքա՞ն երկար կարող է ձգվել։ Հավանական համարո՞ւմ եք, որ վրաց-օսական հնգօրյա պատերազմի ձևաչափը կրկնվի։

-Հայաստանը փոքր աշխարհագրական տարածք ունեցող երկիր է և շրջապատված է թշնամի հարևաներով։ Այսօրինակ երկրների ռեակցիան յուրաքանչյուր տիպի հարձակման դեպքում լինում է արագ և կազմակերպված։ Ցանկացած փոքր հարձակում Հայաստանի կամ Ղարաբաղի վրա կարժանանա ավելի մեծ և լուրջ պատասխանի։ Սա Հայաստանի պաշտպանական դոկտրինն է։

Եթե տեսականորեն քննարկենք Ադրբեջանի ռազմական գործողությունները, ապա մեկ կամ երկու օր նա կարող է հաջողություններ ունենալ, սակայն դրան շատ արագ կհաջորդի հայկական բանակի շատ ավելի ուժեղ պատասխան հարձակումը։ Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանվածությունն այնքան ուժեղ է, որ պատերազմի վերսկսման դեպքում ադրբեջանցի տասը զինվորի կամ տասը ռազմական խմբին բավարար է հայ մեկ զինվոր կամ հայկական մեկ ռազմական խումբ։ Հայաստանի առավելությունը Ադրբեջանի նկատմամբ մեկը տասի հարաբերությամբ է։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը դեռ ի վիճակի չէ հարձակվել Հայաստանի վրա և հաղթել։ Նա կարող է հարձակվել, բայց հաղթել հաստատապես չի կարող։

-Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ անկախ ռազմաշունչ հայտարարություններից` Ադրբեջանը չի համարձակվի անցնել ռազմական գործողությունների։

-Պատերազմի անհրաժեշտություն չկա, սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանի առաջնորդները հիմնականում կայացնում են ոչ տրամաբանական ու ոչ բանական որոշումներ։

Արփի Մախսուդյան
«Կապիտալ» բիզնես օրաթերթ
ԹԻՎ 59 (571), Շաբաթ
3 Ապրիլ 2010թ.

կատեգորիա: Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ | ավելացրել է: parcom (12.04.2010) | հեղինակ: Արփի Մախսուդյան
դիտումներ: 770 | վարկանիշ: 5.0/1
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

parcom

բաժնի կատեգորիաները
Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ [7]
Քարտեզագրական պատերազմներ [1]
Քարտեզատարածման պատերազմներ [0]

Օրացույց
the future is tricolor










our banner