parcom
armenian maps
երեքշաբթի, 20.11.2018, 19:43


մուտք | RSS
parcom

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » Հոդվածներ » Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ

ԵՐԵՎԱՆ-ԱՆԿԱՐԱ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՒՍԱՆԱՎՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ

ՀՀ-Թուրքիա հարաբերությունների ակտուալացումն աշխուժացրել է հայկական վերլուծաբանական հանրությունը, և այսօր հաճախ կարելի է հանդիպել և՛ այդ հարաբերություններին, և՛ Թուրքիայի հետ կապված խնդիրներին նվիրված հետազոտությունների ու մեկնաբանությունների։ Այդ միտումը հարստացնում է մեր քաղաքական միտքը և այդպիսով նպաստում ներկայիս դիվանագիտական գործընթացի վարմանը։ Միևնույն ժամանակ, առկա են նաև մոտեցումներ, որոնք ադեկվատ չեն իրողություններին, և այստեղ խոսքը քաղաքական սկզբունքների կամ ոչ այնքան պրոֆեսիոնալ վերլուծությունների մասին չէ։

Անշուշտ, հայ–թուրքական հարաբերությունները խիստ զգայուն ոլորտ են, և ցանկացած, անգամ խիստ ծայրահեղ գնահատականներն այստեղ տեղ ունեն։ Սակայն անհանգստացնում է այն, որ հայրենական «արմատականները» երբեմն չեն տեսնում որևէ ընդհանրությունՀայրենիք և Պետություն հասկացությունների միջև։ Հայտնի է նաև (քաղաքականության պատմությունում արձանագրված են նման բազմաթիվ գործընթացներ), որ այդ ուղղվածության մոտեցումները երբեմն ներմուծվում կամ առնվազն վերահսկվում են` ելնելով զուտ իրենց շահերից, երրորդ տերությունների կամ հզոր ներուժ ունեցող միջազգային կազմակերպությունների կողմից։ Բացի արտաքին քաղաքական նպատակադրումներից (բավական է հիշել, որ ուկրաինական և վրացական «գունավոր հեղափոխությունների» գաղափարական հենարաններից մեկը «վուլգար ազգայնամոլությունն» էր) նման հիմնադրույթներն արժեզրկում են իրական ազգային արժեքները ու գաղափարները։

Այդ ամենին զուգահեռ, այսօր առկա է նաև մեկնաբանների մեկ այլ խումբ, որոնք նույնպես, սակայն միանգամայն այլ համատեքստում, հաշվի չեն առնում Հայրենիք–Պետությունհասկացությունների ընդհանուր եզրերը։ Հայ թուրքական հարաբերությունները նման մեկնաբանների կողմից դիտարկվում են որպես վերացական երկու պետությունների պարզունակացված մի խնդիր, առանց հաշվի առնելու մեր ազգային հիշողությունը և պատմական-քաղաքական փորձը։ Անշուշտ, սա նույնպես «վուլգար», սակայն այս անգամ արդեն ազատականության դրսևորում է և նույնպես չի բխում մեր ազգային շահերից։

Վերադառնալով ՀՀ-Թուրքիա հարաբերություններին՝ ևս մեկ անգամ ամրագրենք, որ արդի բավական կոշտ ռազմաքաղաքական և տնտեսական իրողությունների համատեքստն ուղղակիորեն թելադրում է քաղաքական ճկունություն և խուսանավելու հմտություն։ Այսօր կան բոլոր հիմքերը պնդելու, որ այդ ոլորտում պաշտոնական Երևանը որոշակի հաջողություններ է գրանցել։

Նախաձեռնությունը պատկանում է Երևանին. ՀՀ-ի համալիր քաղաքական գործողությունները (Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, որը հստակություն հաղորդեց ՀՀ-Թուրքիա արձանագրություններում տեղ գտած անորոշ ձևակերպումներին, ՀՀ նախագահի ծրագրային ելույթը Լոնդոնում, նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալի բովանդակալից քաղաքական մեկնաբանությունները Թուրքիայում և ԱՄՆ-ում կայացած խորհրդաժողովներում և վերջապես ՀՀ նախկին նախագահի հայտնի հանդիպումները Թեհրանում) զգալիորեն փոխեցին Երևան-Անկարա հարաբերությունների շուրջ ձևավորված իրավիճակը։ Կարելի է ամրագրել, որ բանակցություններում սկսվեց հերթական փուլը, որում դիվանագիտական-տեղեկատվական նախաձեռնությունը պատկանում է հայկական կողմին։

Ակտիվացել են նաև գործընթացը «հովանավորող» արտաքին դերակատարները. նրանք ցուցադրում են, որ բացի «հորդորներից» տիրապետում են նաև ազդեցության այլ հնարավորությունների։ ՌԴ ղեկավարությունը վճռականորեն մերժեց ԼՂՀ հիմնախնդիրը և ՀՀ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների ապագան «մեկ փաթեթով» ներկայացնելու թուրքական փորձը: Առանձին քննարկման է արժանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության խնդրի հնարավոր քննարկումը։ Այդ հանգամանքքը ԱՄՆ-ը շարունակաբար որպես ճնշամիջոց է օգտագործում Թուրքիայի դեմ, և Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում H.RES 252 բանաձևի ընդունումը (և, կարծես ի լրումն, Շվեդիայի պառլամենտի որոշումը) լրացուցիչ ակտուալացրեց այդ խնդիրը։ Եթե տեսականորեն հնարավոր սցենարներից մեկում թուրքական պառլամենտում «արձանագրությունները» մերժում են, իսկ ամերիկյան Կոնգրեսում քննարկվում և ընդունվում է Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ապա արդյունքում ՀՀ-ի և ԼՂՀ-ի շուրջ ստեղծված բարենպաստ իրադրությունը կփոխհատուցի «փակ սահմանների» իրողությունը։

Բոլոր պարագաներում, կարելի է փաստել, որ այդ գործընթացների հետևանքով Երևանի համար ստեղծվել է շահեկան քաղաքական իրադրություն, ինչն իր հերթին պետք է մտահոգի Թուրքիային։

Գլոբալ տեղաշարժեր. Թուրքիայի ներկայիս ակտիվությունը պայմանավորված է բազմաբևեռ համակարգի ձևավորման հետևանքով ընթացող աշխարհաքաղաքական տեղաշարժերով։ Այդ իրողությունը գործնականում արտահայտվում է «մեծ տարածաշրջանում» ամերիկյան ռազմական ներկայության նվազման հստակ միտումով։ Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգները պատրաստվում է մոտ ապագայում սկսել իր զինուժը դուրս բերել Իրաքից (այս տարի) և Աֆղանստանից (2011թ.), և դա ոչ թե ժամանակավոր երևույթ է, այլ այդ տերության ընդհանրական ռեսուրսների օբյեկտիվ նվազման արդյունք1։ Ակնհայտ է նաև, որ նման գործընթացը հանգեցնելու է ապակայունացման, և դա վերաբերում է ոչ միայն Իրաքին կամ Աֆղանստանին (այդ սցենարի անխուսափելիությունը վերջերս քննարկվեց, մասնավորապես, Աս-Սուվեյմայում (Հորդանան), «Մերձավոր Արևելք - 2020» միջազգային խորհրդաժողովում)։ Հոռետեսական հեռանկարը պարտավորեցնում է տարածաշրջանի երկրներին «գոյատևման» նոր ձևեր փնտրել և ձգտել, իրենց պատկերացումներին համապատասխան, դիրքեր գրավել նոր իրավիճակում։

Միևնույն ժամանակ, այդ ամենը բնավ չի նշանակում, թե այդպիսով Վաշինգտոնը կորցնում է դիրքերը տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-Թուրքիա երկարամյա գործընկերությունը մոտենում է ավարտին։ Եվ այստեղ խոսքը միայն նրա մասին չէ, որ ԱՄՆ-ը, տիրապետելով գլոբալ մասշտաբով գործողություններ վարելու եզակի հնարավորությունների, բազմաբևեռ համակարգում նույնպես պահպանում է առաջատարի կարգավիճակը։ Ժամանակին ամերիկացիները բավական ջանքեր են գործադրել Թուրքիայի ներկայիս քաղաքական բովանդակության և կերպարի ձևավորման խնդրում, ու նման չէ, որ նրանք հեշտությամբ «կհանձնեն» այդ երկիրը։

Քաղաքական տեխնոլոգիաները և դրանց արդյունքները. Անգլոսաքսոնյան ռազմավարությունը նահանջի պարագայում իր շահերի պահպանման հարուստ ավանդույթ ունի։ Նման ռազմավարության արտահայտությունն է, օրինակ, «հատուկ նշանակության» քաղաքական ուժերի ձևավորումը, որոնք հետագայում, արդեն «անկախ նավարկման» պայմաններում, իրագործում են նախապես ծրագրված քաղաքականություն։

Այդ տեսանկյունից հատկանշական է, որ «Բուշի դարաշրջանում» ԶԼՄ-ում կարելի էր հանդիպել վկայությունների, համաձայն որոնց` Թուրքիայի ներկայիս «չափավոր իսլամիստների» Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) առաջացումը և առաջխաղացումը ասոցիացվում էր ամերիկյան «նեոկոնների» անվան հետ։ Ավելի ուշ «նեոկոնական» մոտեցումը համակարգված ձև ընդունեց RAND կորպորացիայի կողմից 2007թ. հրապարակված «Չափավոր իսլամիստական ցանցերի ձևավորումը»2 hայեցակարգային աշխատությունում, որտեղ, մասնավորապես, տրվում են «չափավոր իսլամիստների» բնութագիրը և դրանց շահեկան տարբերությունն արմատականներից։

Անշուշտ, նման քաղաքական տեխնոլոգիաները բազմաթիվ ռիսկեր են պարունակում, քանի որ հասարակական-քաղաքական շարժումների էվոլյուցիան, այն էլ Արևելքում, դժվար է կանխատեսել։ Սակայն «չափավոր իսլամիստներին» խաղի մեջ մտցնելը հիմնավորված էր, քանի որ «ծայրահեղական իսլամի» դեմ երկու ճակատով (Իրաք և Աֆղանստան) «հակաահաբեկչական պատերազմ» վարող ԱՄՆ-ի համար չկար ավելի վատ սցենար, քան «արմատականացված» Թուրքիայի գոյացումը։ Նման հնարավորությունն ակնառու դարձավ 1996թ. ընտրություններից հետո, երբ Թուրքիայում իշխանության եկավ արմատական իսլամիստների «Բարօրություն» կուսակցությունը, որի առաջնորդ Նեջմեդդին Էրբաքանը կոչ էր անում «դուրս գալ ՆԱՏՕ-ից» և «հեռանալ ԱՄՆ-ից»։ Ինչպես հայտնի է, քեմալականների ջանքերով այդ կուսակցությունն արգելվեց, իսկ Էրբաքանը ենթարկվեց տնային կալանքի։ Թերևս, դա էր այլընտրանքային տարբերակ մշակելու դրդապատճառը, և արդեն 2002-ին ԱԶԿ-ն հաղթեց ընտրություններում, իսկ Ռեջեփ Էրդողանը դարձավ վարչապետ։ Էրդողանը Էրբաքանի համախոհն ու զինակիցն էր, սակայն, համաձայն իր «չափավոր» առաքելության, անհամեմատ ավելի զուսպ է իր քաղաքականությունում և հայտարարություններում։

Նկատենք, որ «իսլամական ուղին» համահունչ է Թուրքիայի ընտրազանգվածի ներկա տրամադրություններին և նպաստում է թուրքական ինքնության ամրապնդմանը հանրությունում։ Դա, մասնավորապես, հետևում է 2007թ. անցկացված սոցհարցման արդյունքներից (տե՛ս Աղյուսակը3։

Ինքնություն / կողմ քվեարկողներըԱԶԿ,%ԺՀԿ, %
Ես թուրք եմ80,160,7
Ես մահմեդական եմ88,338,0
Ես ժամանակակից եմ18,142,2
Ես Աթաթյուրքի հետևորդ եմ17,767,0
Ես քաղաքացի եմ30,025,7
Ես դեմոկրատ եմ13,528,5

Հարցման ժամանակ հնարավոր է եղել ընտրել պատասխանների մի քանի տարբերակ

Ինչպես տեսնում ենք, ԱԶԿ համակիրների մոտ, ի տարբերություն Ժողովրդական-Հանրապետական կուսակցության (ԺՀԿ) կողմնակիցների, բարձր է և՛ թուրք լինելու, և՛ թուրքը մահմեդական է գիտակցման մակարդակը։

«Իսլամական ուղին» հնարավորություն է տալիս Թուրքիային ավելի ակտիվ մասնակցել «իսլամական» գործընթացներին և անգամ հավակնել իսլամական աշխարհի առաջատարի կարգավիճակին։ Բավական «խտացել» և հարձակողական է դարձել նաև այդ երկրի գաղափարախոսական դաշտը, որում այսօր գերիշխում են նեոօսմանիզմի, նեոպանթյուրքիզմի ու եվրասիականության (թուրքական մեկնաբանումով) ուղղությունները, և այդ խառնուրդում առկա են կայսրության հանդեպ կարոտախտն ու էքսպանսիոնիզմի արտահայտումները։ Նման ագրեսիվ գաղափարախոսությունը և ազգայնամոլական միտումները (լինեն դրանք իսլամական թե աշխարհիկ խմբագրությամբ) ադեկվատ արտացոլված են այդ երկրի կուսակցական-քաղաքական կառուցվածքում։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԱՄԺ) ԱԶԿ-ն ունի 338 պատգամավոր, ԺՀԿ-ն և Ազգայնական շարժում կուսակցությունը («Գորշ գայլեր» ռազմականացված կազմակերպության մի հատվածն է), որոնք հայ-թուրքական հարաբերությունների խնդրում առավել ծայրահեղական դիրքերից են հանդես գալիս՝ համապատասխանաբար 97 և 69 պատգամավոր։ ԱՄԺ մնացած 29 պատգամավորները բաժանված են 3 սակավաթիվ կուսակցությունների միջև։

Նման գաղափարախոսական «ռեսուրսը» թելադրում է Անկարային վարել ակտիվ արտաքին քաղաքականություն, որոնցից են բոլորիս հայտնի «Կովկասյան պլատֆորմը» և անհամեմատ պակաս քննարկված` Եվրասիայում Եվրամիության նմանությամբ երկրների միության ստեղծման նախաձեռնությունները, որոնք անմիջականորեն վերաբերում են Հայաստանին։ Միևնույն ժամանակ, Թուրքիայում գերակայող նման գաղափարախոսական դաշտը և այդ երկրի հավակնությունները մտահոգում են նրա մրցակիցներին և գործընկերներին։

«Բազմապլան խուսանավումներ». ԱՄՆ-ը, նպաստելով «արմատականներին» «չափավոր իսլամիստներով» փոխարինելու գործընթացին, շարունակում է մնալ Թուրքիայի ռազմաքաղաքական գործընկերը, և այդ առումով բավական է նշել միայն Ինջիրլիքի ամերիկյան հենակետը, որը տարածաշրջանում ամերիկյան ԶՈւ-ի լոգիստիկան ապահովող առանցքային գործոն է և որտեղ տեղակայված է ԱՄՆ տարածքից դուրս գտնվող միջուկային զենքի մի զգալի մասը (տարբեր աղբյուրներ նշում են 60-ից միչև 90 միավոր4

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը անհանգստացած է ներկայիս զարգացումներով, և դա վերաբերում է ոչ միայն հայտնի «քրդական խնդրին» և Սիրիա-Թուրքիա փոխհարաբերությունների բարելավմանը։ Ինչպես հետևում է RAND-ի այս տարվա` Թուրքիային նվիրված «Տագնապահարույց գործընկերություն»5 զեկույցից, ամերիկացիներին հատկապես մտահոգում են Իրան-Թուրքիա ամրապնդվող հարաբերությունները և վերջինիս հնարավոր «միջուկային» հավակնությունները։ Թուրքիան, առանց միջուկային զենքի (երբ դրան տիրապետում են Պակիստանը և, ըստ երևույթին, արդեն Իրանը) չի կարող հավակնել տարածաշրջանային և իսլամական առաջատարի դերին։ Նկատենք, որ միջուկային ձգտումների մասին անուղղակիորեն վկայում է նաև Թուրքիայում (ինչպես նաև Իրանում) գիտական հրապարակումների կտրուկ աճը։ Չի կարելի նաև բացառել այն տարբերակը, որ որոշ քաղաքական իրավիճակներում Իրանը կարող է միջուկային տեխնոլոգիաներ տրամադրել Թուրքիային։ Անշուշտ, նման հեռանկարը խիստ մտահոգիչ է, և ոչ միայն ԱՄՆ-ի և Իսրայելի համար։ Համաձայն RAND-ի փորձագետների, իրանական գործոնն ամերիկացիները կարևորում են նաև Երևան-Անկարա հարաբերություններում. նրանք համարում են, որ դրանց կարգավորումը թույլ կտա «հեռացնել» ՀՀ-ն իսլամական հանրապետությունից։

Հատկանշական է, որ նման նկատառում առկա է նաև ՀՀ-ՌԴ համագործակցության առնչությամբ. համարվում է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը (և այդ համատեքստում ԼՂՀ խնդրի կարգավորումը) կնվազեցնի Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքի ակտուալությունը, ինչը կմեծացնի ԱՄՆ և Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։ Թերևս, այդ հանգամանքը, ինչպես նաև (գուցե առաջին հերթին) Հյուսիսային Կովկասի անջատողական շարժումներում «թուրքական հետքի» հստակ առկայությունն է, որ թելադրում են Ռուսաստանին, չնայած Թուրքիայի հետ էներգետիկ-տնտեսական ոլորտում ունեցած ընդհանրական շահերին, ավելի զուսպ դիրքորոշում ընդունել հայ-թուրքական հարաբերություններում։ Սակայն, իր հերթին, թուրքերի հետ հարաբերությունների զարգացումը Մոսկվան կարող է դիտարկել որպես հնարավորություն Թուրքիային ԱՄՆ-ից «հեռացնելու» ուղղությամբ։

Գլոբալ հարթությունում ընթացող քաղաքական խուսանավումներին միանգամայն համահունչ է գործում նաև ՀՀ-ն։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ թույլ կտա Երևանին ոչ միայն ադեկվատ լինել տարածաշրջանային և գլոբալ «խաղաղասիրական» գործընթացներին ու լուծել սահմանի բացման հետ կապված տնտեսական-հաղորդակցային խնդիրները։ Ըստ մեզ, այս խնդրում պետք է կարևորել այն, որ ՀՀ-ն ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունները ձևավորել առանց նախապայմանների։ Հայտնի է, որ Ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանին անթաքույց աջակցում էր Թուրքիան, և դա թույլ է տալիս այդ երկիրը de-facto համարել այդ հակամարտության մասնակից։ Այդ համատեքստում դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատումը Թուրքիայի հետ կարելի է դիտարկել որպես կարևոր նախադեպ, որի հիման վրա կարելի է գտնել արժանապատիվ լուծումներ նաև ԼՂՀ խնդրի կարգավորման խնդրում։

1Տե՛ս, օրինակ, Эндрю Крепиневич, Убывающие активы Пентагона, Россия в глобальной политике, т.7, #6, с. 26, 2009.

2Angel Rabasa, Cheryl Benard, Lowell H. Schwartz, Peter Sickle, Building Moderate Muslim Networks, RAND, 2007, http://www.rand.org/pubs/monographs/MG574/

3Ըստ` Вячеслав Шлыков, Поиск политического равновесия. Эволюция партийной системы Турции в период Третьей Республики (1983-2009), http://www.perspectivy.info/print.php?ID=36113

4Հատկանշական է, որ իրաքյան կամպանիայի ժամանակ Թուրքիայի հետ ունեցած հայտնի բարդություններից հետո ԱՄՆ-ը, համաձայն ԶԼՄ-ում հայտնված հաղորդագրությունների, սկսել է դիտարկել տարբերակներ Ինջիրլիքի հենակայանը տարածաշրջանի մեկ այլ երկիր տեղափոխելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նման «տեղափոխությունը» կնշանակի ոչ միայն ԱՄՆ-Թուրքիա ռազմական համագործակցության ավարտ, այլև կպահանջի զգալի նյութական ռեսուրսներ, ինչն այսօր խնդրահարույց է և կենթադրի Ինջիրլիքի շուրջ տարիների ընթացքում ստեղծված ենթակառուցվածքի և Միացյալ Նահանգների ԶՈւ գործունեության մեխանիզմների էական փոփոխություններ։ Հիմնախնդիրների այս համալիրը, ակնհայտորեն, բացասաբար կազդի ամերիկյան դիրքերի վրա ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ հարթությունում։

5F. Stephen Larrabee, Troubled Partnership: US-Turkish Relations in an Era of Global Geopolitical Change. RAND, 2010, http://www.rand.org/pubs/monographs/MG899/. Հետաքրքիր է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությունը փոխադրվել է նաև անձնական-զգացմունքային ոլորտ. այդ մասին է վկայում Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած «ԱՄՆ-Իսլամական աշխարհ» համաժողովում ամերիկյան դեսպան Յոզեֆ Լեբարոնի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի գլխավոր խորհրդական Ֆուադ Թանրայի ձեռնամարտը։

կատեգորիա: Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ | ավելացրել է: parcom (26.03.2010) | հեղինակ: Գագիկ Տեր-Հարությունյան
դիտումներ: 543 | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

parcom

բաժնի կատեգորիաները
Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ [7]
Քարտեզագրական պատերազմներ [1]
Քարտեզատարածման պատերազմներ [0]

Օրացույց
the future is tricolor










our banner