parcom
armenian maps
ուրբաթ, 19.04.2024, 22:03


մուտք | RSS
parcom

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » Հոդվածներ » Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԻ ԱՐԴԻ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր արդեն թուրքական վերնախավում գոյություն ունեն տարբեր տեսլականներ Թուրքիայի արտաքին քաղաքականության ապագայի հարցում: Դրանցից են թուրքական եվրասիականությունը, նեոպանթյուրքիզմը եւ, վերջապես, նեոօսմանիզմը, ինչը նկատի է առնում արդի Թուրքիան` որպես Օսմանյան կայսրության ժառանգորդ: Ըստ այդմ` Թուրքիան, որին տարածաշրջանի երկրների հետ միավորում է ընդհանուր պատմական անցյալն ու կրոնը, ձգտելու է ինտեգրացիոն քաղաքականության միջոցով իր ազդեցությունն ընդլայնել Միջին Արեւելքում:

Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր ուղեգծի շրջանակներում առաջին հերթին վերանայվեցին հարաբերություններն Իրանի եւ արաբական երկրների հետ. այդ հարաբերություններն աննախադեպ վերելք ապրեցին` թեւակոխելով համագործակցության ամենաբարձր մակարդակը: Թուրքիան, ըստ էության, հանդես եկավ միջինարեւելյան տարածաշրջանի ամենահանգուցային եւ առաջատար պետությունը դառնալու հավակնությամբ, որի ապացույցը մի կողմից` մերձավորարեւելյան հակամարտություններում եւ տարածաշրջանային նշանակություն ունեցող հիմնահարցերում, մյուս կողմից` Արեւմուտքի եւ իսլամական առանձին ուժային կենտրոնների միջեւ բարդ եւ փխրուն հարաբերություններում միջնորդ դառնալու նրա` որոշակիորեն հաջողված նախաձեռնություններն էին:

Արաբական աշխարհի (Սիրիա, Իրաք, Հորդանան, Լիբանան, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Ծոցի երկրներ, Լիբիա, Պաղեստինյան ինքնավարություն եւ այլն) հետ Թուրքիայի համագործակցության սերտացումը, ինչպես եւ կանխատեսելի էր, իրականություն դարձավ Իսրայելի հետ հարաբերությունների նահանջի եւ որոշակի սառեցման, պաղեստինյան հարցում Իսրայելին ուղղված կոշտ քննադատության եւ պաղեստինամետ դիրքորոշման շնորհիվ միայն:

Պատահական չէ, որ Թուրքիան արաբական աշխարհում սկսեց իրականացնել նաեւ ակտիվ տեղեկատվական քարոզչություն, որի նպատակը Թուրքիայի նոր կերպն ի ցույց դնելն էր: Ասվածի ապացույցն է վերջերս թուրքական TRT հեռուստաալիքի արաբական թողարկումը (TRT Al-Turkiyye), որն ամփոփված է տարաբնույթ ծրագրերով (տեղեկատվական, սպորտային, մշակութային եւ այլն): Եվ չնայած վերջինիս համեստ տեխնիկական եւ այլ կարգի հնարավորություններին (եթե համեմատելու լինենք նույն BBC-ի, Russia Today-ի, French 24-ի արաբական հեռուստաալիքների հետ), այն բավական կարճ ժամանակամիջոցում մեծ ճանաչում ունեցավ արաբական աշխարհում: Իսկ Թուրքիայի վարկանիշի աճն ուղիղ համեմատական է ընդգծված հակաիսրայելական շեշտադրումների, պաղեստինյան սյուժեով նկարահանված առանձին ֆիլմերի (որոնց մեջ ի ցույց են դրված Իսրայելի դաժանությունները պաղեստինցիների նկատմամբ) եւ իր դերի արժեւորմանն ուղղված քարոզչական այլ միջոցների շնորհիվ:

Այս առումով, որոշակի հետաքրքրություն են ներկայացնում արաբական հասարակական տարբեր շրջանակներում Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր դերակատարության մասին առկա ընկալումները, որոնք, ի դեպ, միանշանակ չեն:

Այդ դաշտում, ընդհանուր առմամբ, կա հիմնականում երկու մոտեցում, որից առաջինը, Թուրքիայի նոր դերին գնահատական տալու հարցում, առավել զգուշավոր է եւ որոշակի վտանգ է տեսնում նեոօսմանիզմից: Նման մոտեցման ձեւավորման հարցում ոչ պակաս կարեւոր է 20-րդ դարի արաբական պատմագրության այն հատվածի ազդեցությունը, որը բացասական գնահատական է տվել արաբական երկրամասերում մոտ չորս դար տեւած Օսմանյան տիրապետությանը` բնութագրելով այն որպես արաբների քաղաքական, սոցիալական, գիտական եւ մշակութային ամլության շրջան, որն արդեն 19-րդ դարի կեսերին սպառնում էր արաբների ինքնության անկմանը: Օսմանյան տիրապետության վերաբերյալ նորագույն շրջանի արաբ պատմագրության բացասական գնահատականն էլ ավելի էր խորացնում Արեւմուտքի, նաեւ Իսրայելի հետ Թուրքիայի ռազմավարական սերտ համագործակցությունը, որի բարձրակետը 1996-ին Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրն էր:

Նեոօսմանիզմից վտանգ տեսնողների համար Թուրքիան, որ չնայած եռանդուն ձեւով հանդես է գալիս ի պաշտպանություն պաղեստինցիների շահերի, անկեղծ չէ: Այդ իսկ պատճառով արաբները չպետք է կորցնեն իրենց զգոնությունը եւ պատմական հիշողությունը: Նեոօսմանիզմի վերաբերյալ հենց նման մի տեսակետ է հայտնում արաբական «Ալ-Հավադիս» ամսագրի 2009-ի մի հրապարակում, որտեղ պատկերված է վարչապետ Էրդողանը թուրքական-իսլամական տյուրբանով:

Ըստ հոդվածագրի` Թուրքիան անկեղծ չէ, այլապես կճանաչեր այն ոճրագործությունները, որ կատարվել են Օսմանյան կայսրության շրջանում նույն հայերի եւ ասորիների նկատմամբ: Միեւնույն ժամանակ, անկեղծ չեն հրեաների հետ հարաբերությունները վերանայելու Թուրքիայի հավաստիացումները, քանի որ այդ երկու ուժերը մշտապես գործել են համատեղ, հատկապես, երբ խոսքը վերաբերել է ջարդերին: Հենց թուրքերի եւ հրեաների համատեղ ուժերով են ոչնչացվել 2 միլիոն հայեր:

Հոդվածում նեոօսմանիզմի կամ օսմանյան վերածննդի դրսեւորում են համարվում Միջին Արեւելքում, Բալկաններում, Կովկասում քաղաքական խնդիրների կարգավորմանը միջամտելու, սեփական համայնքների միջոցով Եվրոպա ներթափանցելու Թուրքիայի գործողությունները եւ, վերջապես, արաբների նկատմամբ աննախադեպ, լիբերալ վերաբերմունքը: Տարաբնույթ փաստերի հիման վրա հոդվածագիրը փորձում է ապացուցել, որ Թուրքիայի քաղաքականությունը հակաիսրայելական չէ, եւ որ Թուրքիայի ներկա դիրքորոշումը, միեւնույն է, ոչինչ չի կարող փոխել պաղեստինյան հարցում, առավել եւս, որ Թուրքիային հետաքրքրում է ոչ թե Ղազան, այլ` տարածաշրջանում սեփական դիրքերի ամրապնդումը եւ տեղում դոփող տնտեսության հզորացումը: «Միամտություն է Թուրքիայի հարաբերություններն արաբների հետ համարել բեկման սկիզբ, համարել, որ թուրքերը փոխվել են»:

Բավական դրական եւ արաբական աշխարհի համար շահեկան է դիտվում տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ եւ խաղաղասիրական դերակատարության վերաբերյալ արաբական հասարակական շրջանակներում առկա մյուս տեսակետը: Նման փաստարկման համար հիմք է ծառայում Թուրքիայի հզոր տնտեսության հանգամանքը, ինչպես նաեւ դեմոկրատիայի, մասնավորապես` իսլամի եւ ժողովրդավարության համակեցության հարցում առկա փորձառությունը, ինչը հաջողվել է իրականություն դարձնել Թուրքիայում ԱԶԿ-ի իշխանությամբ:

Դրական է համարվում թուրքերի հետ Օսմանյան կայսրության շրջանում համատեղ պատմություն ունենալու իրողությունը, կայսրության դրական ազդեցությունն արաբական աշխարհում (օրինակ` ճարտարապետության ոլորտում), նշվում է, որ օսմանյան մշակույթի, նաեւ` օսմանյան շրջանում ձեւավորված սոցիալական եւ իրավական ինստիտուտների ազդեցությունն արաբական աշխարհում մինչեւ օրս էլ զգացվում է:

Այս տեսանկյունից, մեծապես արժեւորվում է սուլթան Աբդուլ Համիդի (1876-1909) քաղաքականությունը Պաղեստինում, երբ վերջինս թույլ չտվեց սիոնիստներին (մասնավորապես` Թեոդոր Հերցելին)` հրեաներով վերաբնակեցնել այդ երկրամասը: Բացի այդ, Թուրքիան դիտարկվում է իբրեւ մի պետություն, որը կարող է հավասարակշռող դեր խաղալ տարածաշրջանում, եւ որ նրա քայլերն` ի պաշտպանություն Պաղեստինի, շատ ավելի համարձակ են, քան շատուշատ արաբական կառավարությունների գործողությունները, որոնք համարժեքորեն չեն կարողանում արձագանքել այն մարտահրավերներին, որոնք ուղղված են արաբական աշխարհի դեմ:

Թուրքիայի վարկանիշն արաբական աշխարհում զգալի վերելք ապրեց 2010-ի մայիսի 31-ին Միջերկրականի ջրերով դեպի Ղազայի հատված հումանիտար օգնություն տանող «Ազատության նավախմբի» դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողություններից հետո, որի հետեւանքով մահացան թուրք ակտիվիստներ: Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հերթական, սակայն իր տեսակի մեջ աննախադեպ լարվածությունը մեծ արձագանք գտավ Միջին Արեւելքում, այդ թվում` արաբական աշխարհում, ինչպես նաեւ Եվրոպայի մուսուլմանական համայնքներում: Արաբական գրեթե բոլոր երկրները բավական կոշտ քննադատեցին Իսրայելին: Թեման լայն արձագանք գտավ արաբական մամուլում, որի հրատարակած հոդվածներում միմյանց հակադրվում էին թուրքական մարդասիրությունն ու Իսրայելի իրականացրած պետական ահաբեկչությունը: Արաբական մի շարք երկրներում, այդ թվում` Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում, Եգիպտոսում, Պաղեստինյան ինքնավարությունում եւ այլուր, տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնցում, շատ դեպքերում, ծածանվում էր ոչ միայն Պաղեստինի, այլեւ` Թուրքիայի դրոշը:

Ղազայից մոտ 65 կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցած միջադեպը, ինչը, շատ հետազոտողների կարծիքով, հրահրված էր Թուրքիայի կողմից, ոչ միայն զգալի լիցքեր հաղորդեց պաղեստինյան շարժմանը, այլ նաեւ` հակագլոբալիստական հռետորականությանը (որի կարեւոր բաղադրիչներից են հակաիսրայելականությունն ու հակաարեւմտականությունը)` այդ կերպ, թերեւս կարճաժամկետ, համախմբելով իսլամական հանրությանը: Խնդիրն այն է, որ մինչ օրս արաբական աշխարհի ջանքերն այնքան էլ կենսունակ չեն եղել` կարգավորելու արաբ-իսրայելական, այդ թվում` պաղեստինյան խնդիրը:

Մյուս կողմից, նշված միջադեպը որոշակիորեն կոշտացրեց արաբական աշխարհի դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ: Ասվածի ապացույցը ս.թ. հունիսի 2-ին Կահիրեում Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպումն էր, որտեղ բարձր գնահատվեցին Թուրքիայի ջանքերը: Հանդիպմանն ընդունված հայտարարության մեջ նշված է, որ արաբական պետությունները պետք է հրաժարվեն Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլից: Բացի այդ, որոշվեց ճեղքել Ղազայի շրջափակումը: Մասնավորապես, Եգիպտոսն, ի պատասխան իսրայելական գործողությունների եւ, անշուշտ, հանուն սեփական հեղինակության, ժամանակավորապես բացեց Ռաֆահի անցակետը, որի նպատակներից մեկը Ղազայի շրջան մարդասիրական օգնություն փոխադրելն է:

«Ծովային պատերազմը» ծանրակշիռ կռվաններ բերեց Թուրքիային, եւ անկախ այն հանգամանքից, թե որքանով Թուրքիան կվնասի Իսրայելի հետ ունեցած իր խորքային հարաբերությունները, այդ երկրի հանդեպ որդեգրած իր ներկա կոշտ մոտեցումը բավական է, որպեսզի «արաբական փողոցն» այլեւս լեգիտիմացնի Թուրքիային` որպես ումմայի եւ հակաիսրայելական ճամբարի անդամ: Նշված իրողությունները Թուրքիային, ըստ էության, հնարավորություն կտան հանգուցային տեղ գրավել Միջին Արեւելքում: Եվ չնայած առանձին ուժային կենտրոնների (մասնավորապես` Իրան, Սաուդյան Արաբիա–Եգիպտոս, Կատար եւ այլն)` այս հարցում մրցակցությանը, Թուրքիայի հնարավորությունները, թերեւս, ավելի մեծ են` լրացնելու առկա բացը:

Ներկայումս, նկատի ունենալով Թուրքիայի վերաբերյալ առկա դիրքորոշումն Արաբական պետությունների լիգայի, առանձին արաբական կառավարությունների եւ արաբական հասարակությունների շրջանում, կարելի է պնդել, որ առաջիկայում Թուրքիան կշարունակի իր նոր քաղաքականությունը Միջին Արեւելքում` փորձելով արաբական իսլամական աշխարհում վերաճել ծանրակշիռ գործոնի:

կատեգորիա: Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ | ավելացրել է: parcom (17.06.2010) | հեղինակ: Արաքս Փաշայան W
դիտումներ: 1118 | մեկնաբանություններ: 1 | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

parcom

բաժնի կատեգորիաները
Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ [7]
Քարտեզագրական պատերազմներ [1]
Քարտեզատարածման պատերազմներ [0]

Օրացույց
the future is tricolor










our banner