parcom
armenian maps
հինգշաբթի, 23.11.2017, 13:33


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » ապրիլ » 6 » «Der Spiegel». Ցեղասպանության մասին բանավեճը Թուրքիայում ծավալվում է ընդամենը հիմա` փաստից մոտ հարյուր տարի անց
19:56
«Der Spiegel». Ցեղասպանության մասին բանավեճը Թուրքիայում ծավալվում է ընդամենը հիմա` փաստից մոտ հարյուր տարի անց

Գերմանական ազդեցիկ «Շպիգել» հանդեսը վերջին` ապրիլի 3-ի համարում, «Անցյալի չարքերը» հրապարակմամբ, անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը` ներկայացնելով ծավալուն հրապարակում պատմական փաստի մասին, ինչպես նաեւ հարցազրույց` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Դանիել Շթայնվորթի, Բենջամին Բիդերի, Բերնարդ Զանդի համահեղինակությամբ կազմված հոդվածում նկարագրվում է հարյուրամյա վաղեմության արհավիրքը` վկայաբերելով մեր օրերի վերապրածների վկայությունները:
«95 տարի է անցել այն ապրիլից, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը»,- գրում է «Շպիգելն» ու նախեւառաջ ներկայացնում այդ արհավիրքը վերապրածներին, ավելի ճիշտ` նրանցից երկուսին:
Մեկը երեւանաբնակ 100-ամյա Տիգրանուհի Ասատրյանն է, ով արդեն երկու տարի է` կորցրել է համի զգացումը, մեկ տարի առաջ էլ դադարել է տեսնել:
«Մահվանս եմ սպասում»,- հանդեսը մեջ է բերում ահասարսուռ տառապանքներ տեսած կնոջն ու գրում. «92 տարի առաջ նա սպասում էր թուրքական այսօրվա սահմանի հակառակ կողմում գտնվող մի գյուղում` տներից մեկի նկուղում: Փողոցում մի հայ տղա էր պառկած` սպանված: Հարեւան տներից մեկում կանանց էին բռնաբարել. (ութամյա աղջնակը լսում էր նրանց գոչյունները): Կան բարի ու չար թուրքեր»,- ասում է նա: Չար մարդիկ պատանիներին էին սպանում: Բարիները օգնեցին իրեն ու իր ընտանքին փախչել նահանջող ռուսական զորքի հետ":
Ցեղասպանության մյուս ականատեսին «Շպիգելը» սահմանի մյուս կողմում է գտել: «Ֆերմեր Ավետիս Դեմիրչին 97 տարեկան է, եւ հավանաբար նա Թուրքիայում ցեղասպանությունը վերապրած վերջին հայն է»,- ներկայացնում է հանդեսն ու վերաշարադրում ծերունու պատմությունը.
«1915 թվականի հուլիսին թուրք ժանդարմները հասան գյուղ: Երբ մենք փախչում էինք, հայրս ինձ կապել էր մեջքին,- ասում է Դեմիրչին,- այդ մասին ծնողներս են պատմել»: Նրա ու շրջակայքի մյուս վեց գյուղերի բնակիչները` որսորդական հրացաններով ու ատրճանակներով ամրացան Մուսա լեռան` Մովսեսի սարի վրա: 18 տարի անց ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում նկարագրում է զինվորականներին բնակիչների ցույց տված դիմադրության մասին":
«Վերֆելի գիրքն ու Ծիծեռնակաբերդից (հուշահամալիր Երեւանում) բացվող տեսարանը, որ գտնվում է ձյունաճերմակ ու անհասանելի Արարատ լեռան հայացքի ներքո, չեն կարող չհիշեցնել հայերի ցեղասպանության մասին, որի վերջին վերապրածները գտնվում են մահվան եզրին»,- նշում են հեղինակներն ու ներկայացնում եղելությունը.
«Ժամանակակից Թուրքիայի արեւելյան հատվածում 1915-ից մինչեւ 1918 թվականը կոտորվել կամ դեպի հյուսիսսիրիական անապատներ տանող բռնագաղթի ճանապարհին սպանվել է 800 000-ից մինչեւ 1,5 միլիոն մարդ: Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Դրանից հետո այլ ցեղասպանություններ էլ են տեղի ունեցել` եվրոպական հրեաների, Կամբոջայում, Ռուանդայում»:
Հոդվածի հաջորդ հատվածում հեղինակներն անդրադառնում ու ներկայացնում են այն հանգամանքները, որոնք խանգարել են հայ ժողովրդին` բարձրացնել արդարացի պահանջ:
«Մինչ օրս ապրող ժողովրդից` մի մասը` կոտորված, մի մասն` աշխարհի տարբեր երկրներում ցրիվ եկած, եւ մի փոքր մասը` մեկուսացված երկրում, տասնամյակներ պահանջվեց սեփական աղետի մասին պահանջատիրական ձայնը բարձարցնելու համար»,- գրում է «Շպիգելը» ու տեղեկացնում, որ միայն 20-րդ դարի վաթսունական թվականներին, այն էլ` Մոսկվայի հետ տեւական քննարկումներից հետո, հայերը համարձակվեցին հուշահամալիր կառուցել:
Պատմական փաստն անտեսելու այս դրսեւորման պատճառների մասին գերմանացի հեղինակները լավագույնս տեղեկացված են. «Թուրքիան, որի տարածքում է տեղի ունեցել ոճրագործությունը, մինչ օրս հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրության իշխանությունների արարքները: Գերմանիան` Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակիցը, ու Խորհրդային Միությունը` երիտասարդ Թուրքական հանրապետության հետ բարեկամական իր կապերով, որեւէ շահ չէին տեսնում Ցեղասպանության մասին հրապարակավ խոսելու մեջ»:
Այստեղ «Շպիգելը» զարմանք է արտահայտում, որ «մինչ օրս Գերմանիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը», եւ տեղեկացնում է, որ «գերմանական Բունդեսթագը 2005 թվականին Թուրքիային կոչ արեց ընդունել սեփական „պատմական պատասխանատվությունը"` սակայն չօգտագործելով „ցեղասպանություն" տերմինը»:
Հեղինակներն անդրադառնում են նաեւ Երկրորդ աշխարհամարտից հետո Հայոց ցեղասպանության թեման շոշափելուց հրաժարվելու դրդապատճառներին. «Անկարայի քաղաքական ու ռազմավարական կշիռը „Սառը պատերազմի" տարիներին նրա արեւմտյան դաշնակիցներին եւս Ցեղասպանության թեմայով քննարկումներից հետ էին պահում»:
Քննարկումների բացակայությունն, ըստ հեղինակների, բացի արդարադատության հետաձգումից, մեկ այլ վնաս էլ էր ենթադրում` ժամանակի հետ դժվարանում է Հայոց ցեղասպանության դեպքերի վերականգնումը. «Հայկական աղետի մասին պատմող լուսա- ու տեսանյութերի սակավությունը` համեմատած Հոլոքոստի ու հետագա մյուս բոլոր ցեղասպանությունների հետ, լրացուցիչ բարդացնում էին տեղի ունեցածի վերականգնումը»:
Միաժամանակ, սակայն, «Շպիգելը» նկատում է, որ Օսմանյան Թուրքիայի իրագործած ոճրագործության բավականաչափ ականատեսներ կան, հիմնականում ամերիկացի ու գերմանացի, որոնց արխիվներում գտնվող հաշվարկները, թղթակցությունները, զեկույցներն ու հաշվետվություններն էլ կարող են հիմք դառնալ եղելությունն ամբողջապես վերականգնելու համար:
Հանդեսը ներկայացնում է այս ուղղությամբ արված քայլերից մեկը, մասնավորապես՝ գերմանացի փաստագրող Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» (գերմաներենում օգտագործվել է «Aghet») ֆիլմը, որը առաջիկա ուրբաթ օրը հեռարձակվելու է գերմանական ալիքներից մեկով: «Շպիգելի» ներկայացմամբ, ֆիլմը հիմնված է այդ օրերին Թուրքիայում գործունեություն ծավալած դիվանագետների, ճարտարագետների ու միսիոներների վկայությունների վրա, որոնց ուսումնասիրությունն, ըստ թերթի, զարմացրել է անգամ ֆիլմի համար խորհրդատվություն ապահոված պատմաբանին: Ըստ հեղինակների, արխիվներում հարուստ վկայություններ կան, որոնք անգամ արխիվագետներին են անծանոթ:
Դառնալով ֆիլմին` «Շպիգելը» գրում է, որ այն ոչ թե փաստագրական դրամայի ոճով է, այլ` չոր տեքստային. ժամանակակից դերասաններն ընդամենը մարմնավորում են Հայոց ցեղասպանության ականատեսներին ու ու առաջին դեմքով ներկայացնում նրանց վկայությունները` բնօրինակով:
«Առաջինը դերասան ու գրող Հանս Ցիշլերն է (»Ժամանակի վազքում"), ով ներկայացնում է արեւելաանատոլիական Հարպուտ (Խարբերդ) քաղաքում ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դեյվիսի տպավորությունները",- նշվում է հոդվածում եւ տեղեկացվում, որ հիշյալ քաղաքից հազարավոր հայեր միաժամանակ տեղահանվել են ու մահվան երթերով ուղարկվել հարավ-արեւելք: Այս իրողության մասին Լեսլի Դեյվիսն արձանագրել է, իսկ ֆիլմում նրա դերակատարը կրկնել. «1915 թվականի հունիսի 28-ին hրապարակավ հայտարարվեց, որ բոլոր հայերը երկիրը պետք է հինգ օրում լքեն: Այնպիսի սարսափելի կոտորած եղավ, որ տեղահանումները դրա հետ համեմատած մարդասիրական էին»:
Հաջորդ առանցքային վկայախոսը ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն է, ում դերը ֆիլմում խաղում է Ֆրիդրիխ ֆոն Թունը (վերջինս հայտնի է «Շինդլերի ցուցակը» հռչակավոր ֆիլմից):
Հանդեսը հակիրճ նկարագրում է դեսպան Մորգենթաուի մի քանի վկայություններ, որ տեղ են գտել նաեւ ֆիլմում. "Նա պատմում է ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հետ հանդիպումների մասին, ով նրան հայտնել է հայերին «վտանգազերծելու» հարցը «վերջնականապես լուծելու» գործողությունը սկսելու մասին: Ցեղասպանության ավարտից հետո Թալեաթը հրավիրում է նրան ու ասում հետեւյալը, ինչը Մորգենթաուի կարծիքով, «երբեւէ իր լսած ամենազարմանալի պահանջն էր»` Թալեաթը պահանջում է ամերիկյան «Նյու Յորք ինշյուրենս» եւ «Նյու Յորք էքվիթեյբլ լայֆ» ապահովագրական ընկերությունների հայ հաճախորդների ցուցակը: Հայերն արդեն սպանված էին` առանց ժառանգ թողնելու: Այդպիսով ժառանգորդը դառնում էր կառավարությունը: Մորգենթաուն ասում է. «Ես, բնականաբար, մերժեցի այդ առաջարկը»:
Այսպես ֆիլմում բազմաթիվ դերասաններ, ըստ հանդեսի, խոսում են ականատեսների անունից. "Մարթինա Գեդեկն ու Կատարինա Շյութլերը ներկայացնում են շվեդ ու շվեյցարացի միսիոներուհիների տպավորությունները. Հաննա Հերզշպրունգն ու Լյուդվիգ Տրեպտեն` երկու վերապրածների, Պետեր Լոմայերը` գերմանացի հյուպատոս Վիլհելմ Լիթենի օրագիրը` այդ օրերի ամենահուզիչ վկայագրերից մեկը: 1916 հունվարի 31-ին Լիթենը գտնվում է Դեյր Զորի ու Տիբնիի միջեւ` այսօրվա Սիրիայում, ու գրում է. «Կեսօրվա ժամը մեկն է: Ճանապարհին` ձախ կողմում երիտասարդ կին է ընկած` մերկ, հագին միայն դարչնագույն գուլպաներ են, գլուխն առնված է ձեռքերի մեջ: Կեսօրի ժամը 1.30, աջ ճամփեզրին սպիտակ մորուքով ծերունի է` մերկ, մեջքի վրա պառկած: Երկու քայլ հեռու պատանի է ընկած` մերկ, ամորձատված»:
Ըստ հանդեսի, ֆիլմում անդրադարձ է կատարվում նաեւ Թուրքիայի դաշնակիցների «արդարացումներին» ու գնահատական տրվում դրան. «Գերմանիայի այն ժամանակվա ռեյխսկանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման-Հոլվեգի ռեպլիկը` ի պատասխան գերմանացի դեսպանի ասածի, թե իրենց օսմանյան դաշնակիցները բացահայտ մեղադրվում են հանցագործության համար, սահմռկեցուցիչ է. „Մեր միակ նպատակն այն էր, որ Թուրքիային մինչեւ պատերազմի ավարտը պահեինք մեր կողմում` անկախ նրանից հայերը կսպանվեն, թե ոչ":
„Շպիգելը" նկատում է, որ 90 րոպե տեւողությամբ ֆիլմը ծանր է նկարագրել, ինչի պատճառներից մեկն էլ այն է, որ „Ցեղասպանության մասին բանավեճը Թուրքիայում ծավալվում է ընդամենը հիմա` փաստից մոտ հարյուր տարի անց": Եվ չնայած դրան, ըստ հանդեսի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, թե Թուրքիան երբեք չի ճանաչի Ցեղասպանությունը:
»Տասնամյակներ շարունակ Ցեղասպանությունից հետո ծնված հայերը տառապում են եւ վրդովվում. «Ողբերգությունը,- ասում է Հայկ Դեմոյանը՝ Երեւանի Ցեղասպանության ինստիտուտի տնօրենը,- դարձավ մեր ազգային նույնացման հիմքը»: Նաեւ նախագահ Սերժ Սարգսյանն է կարծում. «Ոճրագործությունը չկրկնվելու լավագույն ճանապարհն այն միանշանակ դատապարտելն է:
Դրանից հետո ծնված թուրքերը հանգիստ քնել են: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը` Թուրքիայի հանրապետության հիմնադիրը, արմատապես խզեց Օսմանյան կայսրության ու Թալեաթի, Էնվերի, Ջեմալի` Ցեղասպանության երեք հիմնական պատասխանատուների հետ եղած կապը: Նա ընդունեց այդ „ամոթը", որն իր հետեւորդները մինչ օրս ժխտում են, բայց նա իր թիմ վերցրեց այն պետական ծառայողներին ու զինվորականներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել Ցեղասպանությանը»:
Հոդվածագիրները նկատում են, որ այսօր, առաջին հերթին, Հայկական սփյուռքի ճնշումների ներքո են «անցյալի չարքերը կրկին զարթնում»: Ըստ հանդեսի, ամեն գարուն` ապրիլի 24-ն ազդանշան է դառնում, որպեսզի «տարբեր խորհրդարաններ բանաձեւ ընդունեն Ցեղասպանության փաստը ճանաչելու մասին. 2001-ին` Ֆրանսիան, 2003-ին` Շվեյցարիան, այս տարի` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ու Շվեդիայի խորհրդարանը»:
«Անկարան ամեն անգամ սպառնալից զգուշացումներ է անում քաղաքական հետեւանքների մասին, որոնք վերջում տեղի չեն ունենում: Ծեսի է վերածվել, որի ուղղակի ձեռքբերումը Հրանտ Դինքի նման մարդիկ են»,- գրում է «Շպիգելն» ու ներկայացնելով Հրանտ Դինքի պայքարը, նշում, որ նա սեփական կյանքով հատուցեց դրա համար:
Ամփոփելով` հոդվածը` «Շպիգելը» ներկայացնում է Ֆաթիհ Չեթինի աներեւակայելի պատմությունը. «Ստամբուլցի փաստաբան Ֆաթիհ Չեթինը ութսունականների սկզբին հայտնեց, որ „ինքը հայկական արմատներ ունի":
Նրա Սեհեր տատը իրեն վստահել էր իր տառապալից տասնամյակների մասին պատմությունը: Երեխա ժամանակ Սեհերը` հայկական անունը Հրանուշ, 1915-ին ականատես է եղել, թե ինչպես են իրենց գյուղի տղամարդկանց կոկորդները կտրել: Նա ինքն էլ վերապրել է դա, որդեգրվել է մի թուրք սպայի ընտանիքում, մեծացել որպես մահմեդական աղջիկ ու ամուսնացել թուրքի հետ: Նա տասնյակ հազարավոր „ծպտյալ հայերից" մեկն էր, ովքեր փախան մարդասպաններից ու „թուրքացվեցին": Տատիկի այդ անկեղծությունը շոկ առաջացրեց թոռան մոտ, եւ նա սկսեց շրջապատին այլ աչքերով նայել: 2004 թվականին Չեթինը գրեց իր ընտանիքի պատմության մասին: „Իմ տատիկը" գիրքը դարձավ բեսթսելեր, ընթերցողների մեծ մասը Չեթինին երախտագիտության խոսքեր էին հղում: Ոմանք նրանք վիրավորում էին եւ անվանում` „դավաճան": Բայց տաբուն կոտրվեց»:
Նկատենք, որ ծավալուն հոդվածում «Շպիգելը» զետեղել է նաեւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաեւ տեղահանությունների ու համակենտրոնացման ճամբարների սխեմատիկ քարտեզ: Հանդեսը նույն հոդվածի հետ մեկտեղ հրապարակել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը, որտեղ հանրապետության ղեկավարը բացի Հայոց ցեղասպանության ու դրա միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին հարցերից, խոսել է նաեւ հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունների ու տարածաշրջանային խնդիրների լուծման հրամայականի մասին:
 
Աղբյուրը` News.am
դիտումներ: 550 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  ապրիլ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner